Ստեփանակերտի քաղաքապետի կալանավորման հիմքը քաղաքական է, նրան դատում են այդ մեքենաները թշնամուն չթողնելու համար. Ռոման Երիցյան
Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց 20 օրով։ Երեկ ողջ գիշեր մինչև լուսադեմ Դատավոր Մարտին Արզումանյանը քննել է խափանման միջոցի միջնորդությունը, որոշումը հրապարակվել է այսօր առավոտյան:
ՀՀ իրավապահները նախ խուզարկել էին Դավիթ Սարգսյանի բնակարանը, որից հետո ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց, որ Դավիթ Սարգսյանը ձերբակալվել է, նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության, Դավիթ Սարգսյանը և ևս երեք հոգի մեղադրվում են, որ Դ.Ս.-ն, խաբեության եղանակով՝ կոնկրետ փաստերը ձևախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, 2024թ. փետրվարի տարբեր օրերին կայացրել է այլ անձի (անձանց) պատկանող գույքեր՝ 4 ավտոմեքենաներ, օտարելու վերաբերյալ կեղծ որոշումներ և Ս.Ղ.-ին ու Գ.Պ.-ին տրամադրել դրանք օտարելու գործարքներ կատարելու վերաբերյալ կեղծ լիազորագրեր։ Իր հերթին՝ Ս.Բ.-ն, օժանդակելով վերոնշյալ անձանց, Ս.Ղ.-ին և Գ.Պ.-ին տրամադրել է նրանց կողմից վերոնշյալ 4 ավտոմեքենաներն օտարելու գործընթացի համար անհրաժեշտ՝ գույքահարկի մասով պարտավորություններ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ։
168.am-ի հետ զրույցում օկուպացված Արցախի փաստաբանների պալատի անդամ, Դավիթ Սարգսյանի շահերի պաշտպան Ռոման Երիցյանը պարզաբանելով Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառվող կալանքի և նրան առաջադրված մեղադրանքի հիմքերը՝ վստահ հայտարարեց, որ կարող է իրավական առումով հիմնավորել, որ Ստեփանակերտի քաղաքապետը նվազագույնը 20 օրով կալանավորվել է միայն այն բանի համար, որ Ստեփանակերտի համայնքապետարանին պատկանող մեքենաները չի թողել թշնամուն, այլ բերել է Հայաստան։
«Դավիթ Սարգսյանին դատում են, ասում են՝ ինչո՞ւ այդ մեքենաները չես թողել թուրքերի մոտ, բառիս բուն իմաստով նրան մեղադրանք է ներկայացվել հենց դրա համար։
ՀՀ իրավապահներն ասում են, թե Ստեփանակերտի քաղաքապետը դիմել է խարդախության, մասնավորապես՝ քաղաքի համայնքին պատկանող գույքն օտարել է ինչ-որ անձանց։ Նախ, ինչ-որ անձանց չի օտարել, համացանցում տարածված տեղեկությունը, թե տվել է իր բարեկամներին, ամբողջովին սուտ է։ Անապահով անձինք են եղել, այդ մեքենաներով իրենց ընտանիքներին Արցախից տեղափոխել են Հայաստան, մարդիկ իրենց ամեն ինչը թողել են Արցախում, այդ գրեթե արդեն անպետքական մեքենաներով իրենց ընտանիքներին են փրկել։ Այդ մեքենաներն անապահով ընտանիքները Հայաստանում շահագործում էին։ Քանի որ այդ մեքենաների ԱՊՊԱ-ի տեխզննման ժամկետը լրացել է, նրանք չէին կարողանում ԱՊՊԱ և տեխզննում իրականացնել ու ամեն օր տուգանվում էին, բայց այդ մեքենաները որևէ մեկը չէր կարող վերցնել իրենց ձեռքից։ Քաղաքապետն էլ որոշել է, որ ով ինչ մեքենայով դուրս է բերել իր ընտանիքն Արցախից, կարող է սեփականացնել։ Ճանապարհային ոստիկանությունն էլ այդ սեփականությունը գրանցել է»,- շեշտեց Ռոման Երիցյանը։
Փաստաբանը փոխանցեց, որ քնինչին հարց է տվել, թե կարո՞ղ է ասել՝ Ստեփանակերտի քաղաքապետն ումի՞ց է գույք հափշտակել, որի համար էլ նրան կալանավորել են: և քննիչը հարցին չի կարողացել պատասխանել։
Մեր զրուցակիցը պատահական չի համարում, որ ձերբակալվում են հենց Արցախի քաղաքապետերը։
«Այդ գործով կար 4 մեղադրյալ, որոնցից երեքին բաց են թողնում՝ ստորագրությամբ՝ չհեռանալու պայմանով, այսինքն՝ այն անձանց, որոնք դարձել են գույքի սեփականատեր։ Իսկ Դավիթ Սարգսյանը, որ ստեփանակերտցիների շրջանում վայելում է մեծ հեղինակություն և ընտրություններում ստացել է ձայների 70 տոկոսից ավելին, կալանավորվում է։ Դավիթ Սարգսյանը ՀՀ-ում ծավալվող այս իրադարձություններում կարող է ոչ թե էական, այլ վճռորոշ նշանակություն ունենալ, դրա համար նրա նկատմամբ կայացնում են կալանավորման որոշում։
Սպասենք՝ տեսնենք, թե այս պայքարն ինչ հանգուցալուծում է ստանալու։ Վստահաբար հայտարարում եմ, որ Ստեփանակերտի քաղաքապետի կալանավորման հիմքը ոչ միայն քաղաքական է, այլև շարժմանը խոչընդոտելն է։
Իմ տրամաբանությամբ, այս ամենի հիմքը հանդիսացել է նաև այն, որ Դավիթ Սարգսյանի կինը 2020 թվականից սկսած կոշտ քննադատություններ է հնչեցնում ՀՀ իշխանությունների հասցեին։ Նաև հիմնական խնդիրը, որն առաջացել է ՀՀ իշխանությունների և Ստեփանակերտի քաղաքապետի միջև, այն է, որ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի կնոջ կողմից վրանների տեղադրումը 2020 թվականի պատերազմից հետո իրականություն չդարձավ։
Դավիթ Սարգսյանն ասել էր, որ երեխաների համար անձամբ միջոցառում կկազմակերպի, վրաններ տեղադրելու կարիք չկա։ ՀՀ իշխանությունները հիմա ամենահարմար տարբերակն են ընտրել Դավիթ Սարգսյանին պատժելու կամ այս շարժումից նրան մեկուսացնելու համար»,- եզրափակեց Ռոման Երիցյանը։