Մոդին G7-ի շրջանակներում հանդիպում է անցկացրել Զելենսկիի հետ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Իտալիայում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակներում։ Կողմերը քննարկել են Ուկրաինայում հակամարտությունը երկխոսության և դիվանագիտության միջոցով լուծելու ուղիները։
Այդ մասին հաղորդել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ Մոդին հայտնել է, որ «Հնդկաստանը շարունակում է խրախուսել հակամարտության խաղաղ կարգավորումը երկխոսության և դիվանագիտության միջոցով, և վերահաստատել է, որ Հնդկաստանը կշարունակի անել իր ուժերի չափով ամեն բան՝ աջակցելու խաղաղ լուծմանը»:
«Երկու ղեկավարներն անցկացրել են արդյունավետ հանդիպում, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները», – նշել են Հնդկաստանի ԱԳՆ-ում։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի և Ուկրաինայի վերաբերյալ Շվեյցարիայում կայանալիք համաժողովի շուրջ։
Ավելի ուշ Մոդին X սոցիալական ցանցի իր էջում մեկնաբանել է Զելենսկիի հետ բանակցությունները՝ հանդիպումն անվանելով արդյունավետ։
«Հնդկաստանը ձգտում է Ուկրաինայի հետ երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման»,- նշել է նա։