PKK-ն Թուրքիայի տարածքը կսկսի լքել հունիսի 1-ից. Sabah
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) 2200 մարտիկների՝ Թուրքիայի տարածքից դուրս բերման գործընթացը մեկնարկելու է հունիսի 1-ին և շարունակվելու է մինչև նոյեմբերի վերջը:
Քուրդ մարտիկների կողմից Թուրքիայի տարածքից Հյուսիսային Իրաք քաշվելու համար մշակվել են մի շարք երթուղիներ: Առաջին հերթին Թուրքիայի տարածքը լքելու են Իրաքին ու Իրանին սահմանակից Հաքքարի նահանգում գտնվող քուրդ մարտիկները:
Տվյալ նահանգում գործող ավելի քան 700 քուրդ մարտիկ պետք է մեկ շաբաթվա ընթացքում քաշվի Հյուսիսային Իրաք, ուր առկա է քրդական ինքնավարություն: Երկրորդ փուլում Թուրքիայի տարածքին հրաժեշտ են տալու Հաթայ (Ալեքսանդրետ), Գազիանթեփ (Այնթափ), Քահրամանմարաշ (Մարաշ), Օսմանիե, Ադանա ու Ադըյաման նահանգներում գործունեություն ծավալած քուրդ մարտիկները:
Մոտ 80 քուրդ մարտիկ Թուրքիայի տարածքը կլքի 20 օրում՝ մեկնելով նախ Սիրիա, ապա այնտեղից էլ՝ Իրաք: Վանի ու Շըրնաքի նահանգում գործող ավելի քան 600 PKK-ական 35 օրում պետք է քաշվեն Հյուսիսային Իրաք: Դրա հետ մեկտեղ Արտվին և Աղրը (Արարատ) նահանգներում գտնվող 60 PKK-ական 60 օրում կլքեն Թուրքիան՝ Իրանի տարածքով մեկնելով Իրաք:
Վերջին փուլում Թուրքիայի տարածքը լքելու հերթը կհասնի Դիարբեքիր և Էրզրում նահանգներում գործող ավելի քան 400 PKK-ականին: Նրանց կհատկացվի 90 օր՝ Հյուսիսային Իրաք հեռանալու համար:
Հիշեցնենք, որ այսօր PKK-ի հիմնադիր ու առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ծննդյան օրն է (1949 թ.):