«Բարգավաճ Հայաստանի» ծառայությունը Տարոնին

Յուրաքանչյուր  ընտրությունից առաջ քաղաքական օրակարգում է հայտնվում ընդդիմության միավորման հարցը: Մի քանի ամիս շարունակ բոլորը քննարկում են դա, ապա, բնականաբար, միավորումը տեղի չի ունենում, և ևս մի քանի ամիս շարունակվում են քննարկումները միավորման տապալման մասին: Ընդդիմության միավորման-տապալման հնարավորությունը տարիներ շարունակ դարձել է Հայաստանի քաղաքական-հանրային կյանքին ուղեկցող անբաժան հարց, որից հասարակությունն արդարացիորեն հոգնել ու հիասթափվել է: Առաջին հերթին ու առավելապես՝ ընդդիմադիր ուժերի ու գործիչների պատճառով: Ընդդիմության միավորումը մշտապես ներկայացվել է որպես հրաշք, որպես փրկության միակ ճանապարհ՝ դառնալով յուրաքանչյուր փուլի իշխանության վերարտադրության երաշխիքը: Մինչդեռ ընդդիմության միավորման հեռանկարն ու դրա արդյունքները գոնե ընթացիկ քաղաքական շրջափուլում ավելի քան չափելի են:  Այդ մասին կարելի է դատել անգամ Կենտրոնական ընտրական  հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալներից:

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) իրականացրել է Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների 464  Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների (ՏԸՀ) և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Ըստ այդմ, ՏԸՀ-ների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ. ՀՀԿ` 206-ական, ԲՀԿ` 144-ական, ՀԱԿ` 36 -ական, ՀՅԴ՝ 26-ական, ՕԵԿ՝ 26-ական, «Ժառանգություն»՝ 26-ական:  Այսինքն՝ նշված ուժերը նշված քանակով ՏԸՀ-ների նախագահներ և քարտուղարներ կունենան: Տվյալ դեպքում նախագահի և քարտուղարի կարգավիճակն, ըստ էության, հավասարեցված է, քանի որ մրցակից քաղաքական ուժեր ներկայացնելու դեպքում ՏԸՀ-ի նախագահն ու քարտուղարը գործնականում հակակշռում են իրար՝ ապահովելով ընտրակեղծարարության անարգել իրականացում կամ հակառակը՝ թույլ չտալով դա: Վերը նշված տվյալներից պարզ երևում է, որ ընդդիմությունը՝ Երևանի ավագանու ընտրություններին միասնաբար մասնակցելու դեպքում, իշխանության համար ուղղակի անհնար կարող էր դարձնել ընտրակեղծիքների իրագործումը: ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» միասին ունեն 232 ՏԸՀ նախագահներ ու քարտուղարներ: Առանձին-առանձին ընտրություններին մասնակցելու դեպքում նրանցից յուրաքանչյուրի ունեցած նախագահների ու քարտուղարների թիվը զիջում է ՀՀԿ-ականներին: Բայց միասնաբար մասնակցելու դեպքում նրանք ՏԸՀ-ներում կարող էին ունենալ ուղիղ այնքան նախագահներ ու քարտուղարներ, որքան ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը միասին վերցրած՝ թվով 232: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Երևանի ավագանու ընտրություններին ՕԵԿ-ը մասնակցում է առանձին, ապա ակնհայտ է, որ ՀՀԿ-ն՝ վերը նշված ուժերի համեմատ, հայտնվելու էր փոքրամասնության կարգավիճակում:  Տեղամասային ընտրական հանձնաժողովների 8 անդամների թվում, ինչպես հայտնի է, մեկական անդամ ունեն ԱԺ խմբակցությունները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը: Մյուս երկուսը տարբեր գերատեսչությունների անվան տակ ներկայացնում են իշխանության «քվոտան»: Կրկնում ենք, այս անգամ ՕԵԿ-ը առանձին է մասնակցում ընտրություններին, ուստի հանձնաժողովում ՕԵԿ անդամին դժվար է մեխանիկորեն գումարել իշխանության ներկայացուցիչների թվին, ինչպես դա արվում էր նախորդ ընտրություններում: Այսինքն՝ ՀՀԿ-ն ընտրատեղամասերում ունենալու է 3 անդամ՝ մնացած ոչ իշխանական ուժերի 4 անդամների դիմաց: Իսկ դա նշանակում է, որ միասնական թեկնածու ունենալու դեպքում նշված ուժերը ՀՀԿ-ի ընտրակեղծարարության մեքենայի դեմ կարող էին պայքարել միասնաբար, ինչը, կրկնում ենք, գործնականում եթե ոչ՝ անհնար, ապա չափազանց դժվար էր դարձնելու իշխանական լծակների ու թաղային հեղինակությունների մասնակցությամբ կիրառվող ընտրակեղծարարության մեքենայի  գործարկումն առաջիկա ընտրություններում: Եթե անգամ ընդունենք, որ 464 ընտրական տեղամասերի կեսում՝ 206-ում, ՀՀԿ-ն կկարողանար սեփական նախագահների ու քարտուղարների միջոցով ապահովել կեղծիքների իրագործումը, ապա մյուս կեսում՝ դա հնարավոր չէր լինելու: Սակայն, երբ նշված ուժերն ընտրություններին մասնակցում են առանձին, վերը նշված սցենարը դադարում է գործել՝ երկու հիմնական պատճառով: Նախ՝ այդ ուժերից յուրաքանչյուրը քաղաքական մակարդակում կարող է պայմանավորվածություն ձեռք բերել իշխանության հետ և հանձնաժողովի իր անդամներին հրահանգել գործել՝ ըստ այդ պայմանավորվածության: Բացի այդ, միասնական թեկնածու չունենալու դեպքում այդ ուժերի հանձնաժողովների անդամները կորցնում են միմյանց վերահսկելու «մանդատը», իսկ տեղերում արդեն ծաղկում է հանձնաժողովի առանձին վերցրած անդամների «գնման» ավանդական մեխանիզմը:
Երևանի ավագանու ընտրությունները նշված համատեքստում դիտարկելու դեպքում՝ առաջին ծագող հարցը հետևյալն է՝ իսկ ո՞ւմ մեղքով կամ պատճառով տապալվեց ընդդիմության՝ միասնաբար հանդես գալու հնարավորությունը:  Իրադարձությունների ժամանակագրությունը ցույց է տալիս, որ այդ ուժի անունը «Բարգավաճ Հայաստան» է: Հիշեցնենք, որ երբ մեծ ոգևորությամբ նշված բոլոր ուժերի անդամների մի մասը խոսում էր միասնաբար հանդես գալու մասին, ԲՀԿ-ն նիստ գումարեց, ու Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն ընտրություններին առանձին է մասնակցում: Իհարկե, այդ օրերի բանակցային գործընթացում եղել են բազմաթիվ մութ կողմեր, դրանց մասնակցող ուժերից յուրաքանչյուրն իր չափով «իր կողմն է քաշել», բայց գոնե հրապարակավ արձանագրված փաստն այն է, որ չկայացած միավորումից առաջինը դուրս եկողը եղել է ԲՀԿ-ն: Ըստ ամենայնի, ոչ առանց ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի խրախուսանքի, քաջալերանքի ու հրճվանքի:
Այնպես որ, ԲՀԿ-ն հերթական անգամ իր ծառայությունը մատուցել է իշխանությանը, ու, թերևս, դրա համար են ԲՀԿ-ականները մասնավոր զրույցներում վստահ պնդում, որ իրենք առնվազն Երևանի փոխքաղաքապետ են ունենալու: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին, ապա վերջիններիս էլ, թերևս, բաժին կհասնեն կոմունալ ծառայության կամ թաղման բյուրոյի պետերի պաշտոնները: ԲՀԿ-ի առանցքի շուրջ, բնականաբար:

Տեսանյութեր

Լրահոս