Պուտինը պետական այցով ժամանել է Չինաստան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկին։ Սա ՌԴ նախագահի առաջին արտասահմանյան այցն է վերընտրվելուց և պաշտոնն ստանձնելուց հետո։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Վլադիմիր Պուտինը ժամանել է Ժողովրդական ժողովների տուն․ բանակցությունների մեկնարկին նախորդել է դիմավորման պաշտոնական արարողությունը։
Պուտինն ու Սի Ծինփինը բանակցությունները սկսել են նեղ կազմով: Հանդիպմանը Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները դիմացել են փորձություններին փոփոխվող միջազգային իրադրության պայմաններում և դարձել են մեծ տերությունների միջև հարաբերությունների չափանիշ:
ՌԴ նախագահն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հարաբերությունները կոնյունկտուրային չեն և ուղղված չեն որևէ մեկի դեմ։ Նա նշել է, որ Չինաստանը Ռուսաստանի գլխավոր գործընկերն է առևտրատնտեսական ոլորտում: