OpenAI-ի համահիմնադիր Իլյա Սուցկեվերը հեռացել է ընկերությունից
OpenAI ընկերության համահիմնադիր, մեքենայական ուսուցման և արհեստական ինտելեկտի աշխարհի առաջատար փորձագետներից մեկը՝ Իլյա Սուցկեվերը հայտարարել է ընկերության գլխավոր գիտական խորհրդատուի պաշտոնից հեռանալու մասին: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը:
«Գրեթե մեկ տասնամյակ անց որոշեցի հեռանալ OpenAI-ից: Ընկերության զարգացման հետագիծը պարզապես կախարդական էր, և վստահ եմ, որ OpenAI-ը կկարողանա ստեղծել գեներատիվ արհեստական ինտելեկտ, որը միաժամանակ անվտանգ և օգտակար կլինի», – գրել է Սուցկեվերը X սոցիալական ցանցում:
Նա ակնարկել է, որ շուտով կարող է նոր նախագիծ սկսել, սակայն մանրամասներ չի հայտնել:
Անցյալ տարվա վերջին Սուցկեվերը հայտնվել էր OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանի հրաժարականի հետ կապված սկանդալի կիզակետում: Լրատվամիջոցները նրան էին անվանել Ալթմանին պաշտոնանկ անելու՝ ընկերության տնօրենների խորհրդի որոշման գլխավոր նախաձեռնողներից մեկը: Բաժնետերերի ու գործընկերների վրդովմունքի արդյունքում Ալթմանը մեկ շաբաթից վերականգնվել էր պաշտոնում:
Financial Times-ի տեղեկություններով՝ Open AI-ի արժեքը գնահատվում է ավելի քան 80 միլիարդ դոլար: