«Սերժ Սարգսյանի երդմնակալությանը չներկայանալը ԲՀԿ-ի քաղաքական դիրքորոշումը կհամարվի»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը կարծում է, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կմասնակցի ապրիլի 9-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը: «Ես համոզված եմ, որ Գագիկ Ծառուկյանը ներկա կգտնվի երդմնակալության արարողությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Համլետ Հարությունյանը:

Հաշվի առնելով անգամ այն հանգամանքը, որ ԲՀԿ խմբակցության մի մասը ձեռնպահ քվեարկեց Մարզահամերգային համալիրում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ՀՀԿ-ի նախաձեռնությանը (ըստ Սահմանադրության 54-րդ հոդվածի, Հանրապետության Նախագահը պաշտոնը ստանձնում է օրենքով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի հատուկ նիստում)՝ Համլետ Հարությունյանն իր կարծիքը չի փոխում, որ Գագիկ Ծառուկյանը ներկա կգտնվի Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Իսկ ինչո՞ւ մինչև հիմա ԲՀԿ առաջնորդը չի շնորհավորել Ս. Սարգսյանին՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Այս հարցի պատասխանը Համլետ Հարությունյանը չգիտեր: «Իմ բարի ցանկությունն է, որ ինքը շնորհավորի Սերժ Սարգսյանին»,- ասաց Համլետ Հարությունյանը՝ ավելացնելով, որ գուցե երդմնակալությանն է սպասում, որ միանգամից տեսնի Սերժ Սարգսյանին և «կոնկրետ» շնորհավորի՞:

Այն հարցին, թե Գագիկ Ծառուկյանի ներկա չգտնվելը ՀՀԿ-ն կհամարի՞ քաղաքական որոշակի դիրքորոշում, Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Բա  ուրիշ ի՞նչ ձև  կարող է դիտարկվել. սա հարսանի՞ք է, նշանդրե՞ք  է, որ ասի՝ հիվանդ եմ, չեմ գալիս: Դա, իհարկե, քաղաքական շարժառիթ ունի, այդտեղ ուրիշ, երկրորդ բան չի կարող լինել: Երդմնակալության ամբողջ պրոցեսը քաղաքական պրոցես է: Եթե որևէ մեկը պաշտոնապես հրավիրված է, հատկապես կուսակցությունների ղեկավարները, չեն գալիս,  նշանակում է՝ իրենք չեն ընդունում: Թամամ խոսքը էշին կասեն»,- հայտարարեց  Համլետ Հարությունյանը:

Հարցին, թե  ՀՀԿ-ում քննարկվե՞լ է ԲՀԿ-ի հետ հարաբերությունների հետագա ճակատագիրը, եթե վերջինիս առաջնորդը չներկայանա երդմնակալությանը, Համլետ Հարությունյանը պատասխանեց, թե ՀՀԿ-ում նման բաներ չեն քննարկվում այն պատճառով, որ իրենք ոչ թե դեպքերից առաջ են ընկում, այլ իրադարձությունների տեղի ունենալուց հետո են դրանց անդրադառնում: Նա շեշտեց, որ  «Բարգավաճ Հայաստանն» իրեն պաշտոնապես ընդդիմություն չի հռչակել, իրենք էլ  տարբեր հարցերում հաճախ համագործակցում են, հետևաբար՝ նրա բացակայությունը ՀՀԿ-ի համար զարմանալի կլինի, որն էլ կբերի նոր մոտեցումների: Իսկ թե ինչպիսի՞ն կլինեն ՀՀԿ-ի  նոր մոտեցումները, Հ. Հարությունյանը  փակագծերը չբացեց ՝ ասելով, թե դա ցույց կտա ապագան:

Կարդացեք նաև

Ի տարբերություն ԲՀԿ-ի՝ ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում Հայ հեղափոխական դաշնակցության բացակայությունը  ՀՀԿ-ի համար զարմանալի չի լինի, ինչպես նաև զարմանալի չի լինի ներկայությունը: «Դաշնակցությունն իրեն պաշտոնապես օպոզիցիա է համարում, այսինքն՝ նրա գալը-չգալն արդեն զարմանալի չի լինի: Եթե ինքը օպոզիցիա է, բնականաբար, չի մասնակցի: Եթե մասնակցի էլ, տրամաբանական կլինի՝ ես օպոզիցիա եմ, բայց ես իմ  երկրի  օպոզիցիան եմ և ընդունում եմ, որ երկրի նախագահը Սերժ Սարգսյանն է»,- նշեց Համլետ Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս