Րաֆֆի Հովհաննիսյանին գրեթե բաց տեքստով առաջարկվել է գլխավորել ՀՀ վերահսկիչ պալատը. մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին գրեթե բաց տեքստով առաջարկվել է գլխավորել, օրինակ, ՀՀ վերահսկիչ պալատը: Ընդ որում, այդ առաջարկը Սերժ Սարգսյանն արել է ոչ մեկ անգամ, նույնիսկ միջնորդավորված կերպով:
Բանն այն է, որ նոյեմբերին լրանալու է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի՝ Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման 6-ամյա ժամկետը:
«Ժառանգության» փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը, սակայն, «Ժողովուրդի» հետ զրույցում հերքեց այդ լուրերը: Ըստ նրա՝ Ս. Սարգսյանը Հովհաննիսյանին միայն մեկ առաջարկ է արել՝ գլխավորել Սահմանադրական բարեփոխումների խումբը, որը, սակայն, «Ժառանգության» ղեկավարը մերժել է՝ գրության վրա «խաչ» քաշելով:
Սաֆարյանի խոսքով՝ նման տպավորություն միգուցե ստեղծվել է այն բանից հետո, երբ Ս. Սարգսյանն իր վերջին նամակում ասել է, թե վերահսկողական ֆունկցիաների վերաբերյալ պատկերացումները համընկնում են»: