Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները ԵԽԽՎ-ում չեն վերականգնվել. Վլադիմիր Վարդանյան

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ Ադրբեջանի պատվիրակությունը ԵԽԽՎ չի վերադարձել՝ տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։

«Ես ԵԽԽՎ-ում զարմանալիորեն լուրեր ստացա, որ ինչ-որ լրատվամիջոցի ինչ-որ աղբյուրներ փոխանցել են, որ նույնիսկ որոշում է կայացրել Նախարարների կոմիտեն։ Ես շատ եմ ուզում ձեզանից ճշտել, թե ընդհանրապես նման աղբյուրներ որտեղի՞ց եք գտնում։

Ադրբեջանի պատվիրակության վերադարձի հարց չի քննարկվել, դա հնարավոր կլինի միայն այն պարագայում, երբ վերջինս կատարի իր այն պարտականությունները, որոնք նախատեսված են համապատասխան բանաձևում, որն ընդունվել է։ Կատարմանը զուգահեռ՝ կարող են քննարկումներ լինել»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ չի բացառվում հետագայում որևէ քննարկում, ավելին՝ եթե լինեն արտահերթ ընտրություններ, դրանից հետո ձևավորվում է նոր պատվիրակություն, որը ենթակա է հաստատման։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ օրերս մամուլը գրեց, որ Ադրբեջանի պատվիրակությունը վերադարձվել է ԵԽԽՎ, որտեղից հեռացվել էր հունվարի 24-ի որոշմամբ՝ մեկ տարի ժամկետով։

Այս որոշումն ընդունվել էր ձայների 76 կողմ, 10 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ: Որոշմանը դեմ էին Թուրքիայի պատվիրակության 9 անդամներն ու Ալբանիայից մեկ պատգամավոր:

ԵԽԽՎ-ն այս ձևով պատժել էր Ադրբեջանին՝ Եվրոպայի խորհրդի հիմնարար պահանջները պարբերաբար չկատարելու համար։ ԵԽԽՎ պատգամավորները մի քանի պատճառներ էին նշել, որոնք խախտել էր Ադրբեջանը, այդ թվում՝  նաև այն, որ Ադրբեջանը թույլ չի տվել Արցախի շրջափակման ժամանակ ԵԽԽՎ զեկուցողներին մուտք գործել Լաչինի միջանցք:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս