Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am
Ռուսները դեռ հույս ունեին, որ Արցախ գիծը կարող են պահել, այսինքն՝ դեռ հույս ունեին, որ արցախցիները կարող է վերադառնային, իսկ եթե պետք է վերադառնային, ապա իրենց անվտանգությունը պետք է ապահովվեր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։
«Եկել, հասել են մի տեղի, որ պարզ է, որ ոչ մի վերադարձի մասին խոսք չկա։ Ավելին, հայկական կողմն ամեն ինչ անում է, որ վերադարձի մասին խոսք էլ չլինի, այսինքն՝ վերադառնան որպես ինչ Արցախ, երբ հայկական կողմն ասում է, որ ոչ մի ինքնակառվարման մարմիններ պետք է չստեղծվեն, բա այդ մարդիկ գնան իրենց ո՞վ է կառավարելու, ադրբեջանական կո՞ղմը։ Ռուսները տեսել են այդ ամենը, որոշել են՝ այլ բան ստանալ Ադրբեջանից, դրա դիմաց փակեն այդ թեման, ինչպես միշտ այդ մոտեցումներն աշխատում են թե՛ թուրքերի, թե՛ ադրբեջանցիների դեպքում։ Ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում, բայց եթե այդ լուծումը չկա, ապա իրենց ինչի՞ն է պետք խաղաղապահ ուժ պահելը։
Ռուսաստանի համար հիմա կարեւոր է Ուկրաինայում հարցը լուծել, հետո կզբաղվի այս հարցերով։ Նրանք մտածում են՝ եթե դա հայերին պետք չէ, մեզ էլ պետք չէ, կամ եթե հայերն այսպես են ուզում, թող լինի, հետո տարածքներ կկորցնեն, կգան, մեզ կխնդրեն, իհարկե դա սխալ է, ռուսները պետք է մտածեին երկարատեւ շահերի մասին։ Այդ երկարատեւ շահերի մասին պետք է հայկական կողմն էլ մտածեր»,- նշեց նա։
Մարտիրոսյանի խոսքով՝ այսպիսով կարելի է համարել, որ Արցախի հարցն այս պահին փակ է․ «Գուցե ռուսները վերադարձնեն այդ հարցն օրակարգ, արցախցիներին վերադարձնելու հարց գուցե քննարկեն, առայժմ դեռ շուտ է այդ մասին խոսելը։ Ամեն դեպքում սա շատ վատ ավարտ է ունենալու, որովհետեւ ունենք ոչ կոմպետենտ ղեկավար»։
Նշենք, որ պաշտոնական Մոսկվան հաստատել է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև երկկողմ պայմանագրերի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերման մեկնարկը։