Այժմ Սամվել Վարդանյանին բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաձեռնման հիմքերն են ուսումնասիրվում և քննչական ենթակայության հարցն է լուծվում. Գոռ Աբրահամյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերն Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի հետևանքով ձերբակալված Սամվել Վարդանյանին Քննչական կոմիտեից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին դաժան ծեծի էին ենթարկել։

«Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, ձեռքերով խփում, սեռական բնույթի ամենաայլանդակ հայհոյանքները տալիս, թքում վրան, իջեցնում են տաբատը, դուբինկան դեմոնստրատիվ պահում ոտքերի արանքում»,- ասաց Վարազդատ Հարությունյանը երեկ այդ առիթով տված ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ մի քանի րոպե ծեծելուց հետո Սամվելին տառացիորեն շպրտել են մեքենայի մեջ:

Մինչ այդ ինչ-որ աներևույթ զուգադիպությամբ՝ ձեռնաշղթայված Սամվել Վարդանյանին ուղեկցող ոստիկանների բնական կարիքները միաժամանակ են սկսում նրանց անհանգստացնել, ու վերջիններս, Սամվելին միայնակ թողնելով մեքենայի մեջ, գնում են դրանք հոգալու, ինչից հետո 3 դիմակավորված անձինք մեքենայից հանում են Սամվելին, ու տեղի է ունենում այն, ինչ ժողովրդավարության բաստիոնում պետք է որ տեղի չունենար։

ՔԿ մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանն այսօր առավոտյան 168.am-ին ասել էր՝ ընթացակարգի համաձայն, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծվելու է այն բանից հետո, երբ քննչական կոմիտեն կստանա պատշաճ հաղորդում։ «Քրեական վարույթով մեղադրյալ Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է Քննչական կոմիտեում։ Այժմ քրեական վարույթի նախաձեռնման հիմքերն են ուսումնասիրվում և քննչական ենթակայության հարցն է լուծվում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ դատախազ Հայկ Ավետյանը Սամվել Վարդանյանին նոր մեղադրանք է առաջադրել, այս անգամ՝ թշնամանք հրահրելու հոդվածով, ինչն արդեն կարող է կալանքի հիմք դառնալ:

Պաշտպանների խոսքով՝ Սամվել Վարդանյանն արդեն Շենգավիթի դատարանում է: Դատական նիստը կկայանա 19:00-ին՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ:

 

Տեսանյութեր

Լրահոս