ՀՀ-ն կերկարաձգի զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի Հանրապետությունը կերկարաձգի զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցության մասին համաձայնագրի գործողության ժամկետը։ Համապատասխան նախագիծը ներառված է կառավարության ապրիլի 12-ի նիստի օրակարգում։
Սույն համաձայնագիրը ստորագրվել է 2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, ինչպես նաև այդպիսի զենքի հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների ու փորձի տարածմանը հակազդելու, միջուկային, կենսաբանական և քիմիական զենքերի, ինչպես նաև այդպիսի զենքերին անմիջականորեն վերաբերող հումքի չարտոնված փոխանցումը, տարանցումը, փոխադրումը կանխելու նպատակով:
«Համաձայնագրով կողմերը պայմանավորվում են համագործակցություն իրականացնել` ուղղված զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելուն:
Մասնավորապես, ԱՄՆ-ի կառավարությունը պարտավորվում է ՀՀ կառավարությանը, վերջինիս հայտերի հիման վրա, անհատույց տրամադրել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող սարքավորումներ, նյութեր, տեխնոլոգիաներ, իրականացնել անձնակազմի ուսուցում և այլն:
Համաձայնագրով ՀՀ կառավարությունը պարտավորվում է նախատեսվող գործողություններն իրականացնելու նպատակով հեշտացնել ՀՀ տարածք ԱՄՆ-ի կառավարության համապատասխան ներկայացուցիչների մուտքն ու ելքը, ինչպես նաև սահմանվում են նախատեսվող միջոցների փոխադրման կարգն ու պայմանները»,-ասված է նախագծում։
Նշվում է, որ համաձայնագրի գործողությունը ևս յոթ տարով երկարացնելը կնպաստի զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելուն: