2024 թվականին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն. Ասիական զարգացման բանկ
Ըստ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ), կանխատեսվում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն՝ պայմանավորված արտաքին պահանջարկի անկումով, ինչին կհաջորդի փոքր-ինչ վերականգնում 2025 թվականին։
Այսօր հրապարակված Ասիական զարգացման հեռանկարների (ԱԶՀ) 2024 թվականի ապրիլյան թողարկման մեջ ԱԶԲ-ն կանխատեսում է 2024 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի չափավորում՝ նախորդ տարվա 8.7%-ից մինչև 5.7%: Կանխատեսվում է, որ 2025 թվականին այդ թիվը կրկին կաճի մինչև 6%՝ ի հաշիվ ենթակառուցվածքների և բնակարանաշինության մասով կառավարության ընդլայնված ներդրումային ծրագրերի հաջող իրականացման:
«2022 թվականին արձանագրված ուժեղ տնտեսական աճին հաջորդած՝ Ռուսաստանից նախորդ տարվա դրամական ներհոսքերի դանդաղումը նվազեցրել է մասնավոր սպառման աճը», նշել է ԱԶԲ-ի Հայաստանյան մշտական առաքելության տնօրենի տեղակալ Լյուկ Ֆոչմանը։ «Սա կառավարության բնակարանաշինության և ենթակառուցվածքային ծրագրերին տալիս է հավելյալ խթան, որը թափ կհաղորդի աճին հաջորդ տարի, երբ այդ ներդրումներն արմատավորվեն»:
Չնայած ընդհանուր առմամբ ավելի դանդաղ աճին՝ շինարարության և սպառողական ոլորտների ծառայությունների ընդլայնումը կշարունակի մնալ հաստատուն: Կանխատեսվում է, որ 2024 թվականին ծառայությունները կարձանագրեն 9․3%-ով, իսկ 2025 թվականին՝ 9.4%-ով աճ, ինչը կապահովվի շնորհիվ զբոսաշրջության ավելի մեծ ներհոսքի և կարտացոլի կայուն, բայց չափավորվող եկամուտներ ֆինանսների, հանգստի, մանրածախ առևտրի, տրանսպորտի ու տեղեկատվության և հաղորդակցության ոլորտներում:
Կանխատեսվում է, որ արդյունաբերությունը, ներառյալ՝ շինարարությունը, 2024 թվականին կաճի 6․2%-ով, իսկ 2025 թվականին՝ 7․4%-ով: Հանքարդյունաբերության և քարհանքագործության ոլորտներում աճը կախված կլինի ապրանքների համաշխարհային գների զարգացումներից և նոր հանքատեղիների բացումից: Ըստ կանխատեսումների՝ 2024 թվականին շինարարության ոլորտում աճը կկազմի 16․3%, իսկ 2025 թվականին՝ 18․1%, ինչը համահունչ է կապիտալ ծախսերի հետագա ավելացման և ճանապարհների վրա ու սոցիալական ենթակառուցվածքներում զգալի պետական ներդրումներ կատարելու կառավարության պլաններին:
Ակնկալվում է, որ գնաճը նախորդ տարվա 2%-ի համեմատ 2024 թվականին կաճի մինչև 3%, ինչին կհաջորդի 2025 թվականին հետագա արագացումը մինչև 3․5%։