Երիտասարդը ձերբակալվել է Ծաղկաձորի խաղատներից մեկում
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հրազդան քաղաքի բնակիչ 34-ամյա երիտասարդը մոտը և իր կողմից շահագործվող «Մերսեդեսում» հրազեն է պահում:
Ոստիկանությունից հայտնում են, որ ստացված տեղեկություններն իրացնելով ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների հետ՝ նրանք ապրիլի 5-ին, կեսգիշերն անց, Ծաղկաձոր քաղաքի խաղատներից մեկում երիտասարդին հայտնաբերել, ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, տեղափոխել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն:
Կոտայքի քննչական մարզային վարչությունում փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ապրիլի 5-ին երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն: Նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել նրա «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում: Հետևի նստելատեղին դրված պայուսակում հայտնաբերվել են ապօրինի պահվող ինքնաձիգ և լիցքավորված երեք պահեստատուփ, որոնցից մեկը տեղադրված էր ինքնաձիգին:
Հրազդան քաղաքի բնակիչ 34-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Նախաքննությունը շարունակվում է: