Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 9-ի, վիրավորների թիվը գերազանցել է 800-ը
Թայվանում տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 9-ի, 800-ից ավելի մարդ վիրավորվել է։ Տասնյակ մարդիկ դեռ փլատակներում են։ Այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը։
Ստորգետնյա ցնցումներից ամենաշատը տուժել է լեռնային Հուալյան շրջանը, որը գտնվում է կղզու արևելյան ափին:
Թայվանի իշխանությունները քաղաքացիներին նախազգուշացրել են հատկապես լեռնոտ շրջաններում չայցելել իրենց հարազատների գերեզմաններին առաջիկա շաբաթ և կիրակի օրերին, երբ երկրում նշվելու է նրանց հիշատակման օրը։ Երկրաշարժին արդեն հաջորդել են 100-ից ավելի հետցնցումներ, նաև կանխատեսվում է անձրև, որը վնասված ճանապարհներով երթևեկությունը կարող է շատ վտանգավոր դարձնել։
Փրկարարները փորձում են հասնել գլաքարերի ընկնելու պատճառով ճանապարհներին արգելափակված մարդկանց։ 77 մարդ դեռ ծուղակում է։
Վերջին անգամ Թայվանում նման հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել 1999 թվականին։ 7,6 մագնիտուդով ցնցումների հետևանքով շուրջ 2400 մարդ էր զոհվել, 50 000 շենք ավերվել էր կամ վնասվել։