Ինչ է տարել ադրբեջանցի զինվորը Հայաստանից

Հայկական իրականության գլխավոր խեղումներից մեկն իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականության արմատական հակադրությունն է, պետության ներսում, հասարակության հետ հարաբերություններում՝ նրանց անթաքույց ատելությունը, և նվաստացումը՝ Հայաստանից դուրս, հատկապես՝ թշնամական պետությունների առաջ։

Նախօրեին Հայաստանը որպես «բարի կամքի դրսևորում»՝ Ադրբեջանին վերադարձրեց այդ երկրի զինված ուժերի զինված զինծառայողին, որը Հայաստանի սահմանը հատել էր Տեղ գյուղի շրջակայքում։ Ադրբեջանցի այդ զինծառայողը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր. «Ես գիտեի, որ նախագահ Ալիևն ինձ կփրկի գերությունից»։ Բաքվում պահվող հայ ռազմագերիները, սակայն, նույնը չեն կարող ասել Փաշինյանի մասին:

Հայաստանի իշխանությունը «բարի կամք» դրսևորեց այն երկրի ներկայացուցչի հանդեպ, որի ղեկավարությունը մի քանի տասնյակ հայազգի մարդկանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամներին, պահում է իր բանտերում։

Խնդիրը միայն այն չէ, որ սահմանահատ զինծառայողին, իսկ որ ավելի հավանական է՝ դիվերսանտին, պետք էր ոչ թե ուղղակի հանձնել, այլ փոխանակել հայ ռազմագերիների հետ։ Այդպես կվարվեր իրեն հարգող ցանկացած պետություն։ Կա նաև շատ ավելի խորքային խնդիր։

Կարդացեք նաև

Ադրբեջանցուն որպես «բարի կամք» վերադարձնող իշխանությունը ոչ միայն ոչինչ չի անում հայ ռազմագերիներին վերադարձնելու համար, այլ սեփական բանտերում պահում է մի քանի տասնյակ քաղբանտարկյալների։ Նրանք բոլորը ՀՀ քաղաքացիներ են, մեծագույն մասը՝ հայրենասեր մարդիկ, բայց բոլորը, միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանի իշխանության ընդդիմախոսներ։ Փաշինյանը, ահա, հայ մարդկանց, քաղբանտարկյալներին վերաբերվում է որպես թշնամիների՝ շարունակելով նրանց պահել անազատության մեջ։ Եվ այդ ֆոնին «բարի կամք է ցուցաբերում» ադրբեջանցի զինվորի հանդեպ, ով չբռնվելու դեպքում կարող էր որևէ ՀՀ քաղաքացու սպանել։

Այս հակադրությունը ցույց է տալիս այն աշխարհայացքային, գաղափարական խեղումը, որով առաջնորդվում են Նիկոլ Փաշինյանն ու նրան սպասարկողները։ Վերջիններիս համար թշնամի են բոլոր նրանք, ովքեր իրենց գործունեությամբ կարող են վտանգել իշխանությանը, իսկ ահա ադրբեջանցիները, որոնք իրական վտանգ են սպառնում Հայաստանի սահմաններին, ՀՀ քաղաքացիներին ոչ միայն թշնամի չեն, այլև՝ «բարի կամքի» դրսևորման առարկա են։  Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի համար առաջնայինը սեփական իշխանությունն է, և ոչ թե՝ պետությունը։

Հետևաբար՝ իշխանությանը սպառնացողը թշնամի է, պետությանը  սպառնացողը՝ հումանիզմի օբյեկտ։ Ավելին՝ այս փոխառնչությունները վկայում են, որ Ադրբեջանը՝ ամեն օր սպառնալով Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, իրականում վտանգ չի ներկայացնում Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, հնարավոր է նաև, որ դրա երաշխավորներից մեկն է։

Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կարող են սպառնալ նաև Ադրբեջանի բանտերում պահվող քաղաքացիները, որոնց առնվազն մի մասը նրան ուղղելիք այնպիսի հարցեր ունի, որոնց պատասխանների բացակայությունը կարող է շատ թանկ արժենալ։

Ահա այս տեսանկյունից Ադրբեջանից զինծառայողի հանձնումը կարող է նաև որոշակի փոխհատուցում լինել՝ ուղղված Ալիևին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ի հեճուկս միջազգային ճնշումների, Բաքվի բանտերում պահելու դիմաց։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս