Ավելի քան 24 միլիոն դրամ՝ սփյուռքի առաջնորդներին վերապատրաստելու համար. Միջոցառման կազմակերպումն անցյալ տարի կնոջն էր վստահվել, այս տարի՝ ամուսնուն

Վարչապետի աշխատակազմը 24 միլիոն 281 865 դրամ է հատկացրել «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» միջոցառման շրջանակներում ծառայությունների ձեռքբերման համար:

Մատակարար ընկերությունը 2017 թվականին Լոռու մարզում գրանցված «Գևորգյան կոնցեռն» ՍՊԸ-ն է, որը 2018 թվականից հետո պետգնումներում ֆավորիտ է դարձել: Կոնցեռնի ղեկավարը Վլադիմիր Գևորգյանն է, որի այլ ընկերություններ  ևս պարբերաբար պետգնումների թոփ-տասնյակում են հայտնվում: Այս անգամ ՍՊԸ-ի հետ պայմանագիրը կնքվել է էլեկտրոնային աճուրդ գնման ընթացակարգով:

Միջոցառումը նախատեսվում է կազմակերպել 2024 թ. սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 5-ը, որին կմասնակցի տարբեր երկրներից ժամանած 22-35 տարեկան սփյուռքահայ շուրջ 30 երիտասարդ: Նախատեսվում է նաև հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում՝ Երևանում և Լոռու մարզում:

Ըստ պայմանագրի՝ Երևանում հյուրանոցի գտնվելու վայրը պետք է լինի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից առավելագույնը 2 կմ հեռավորության վրա, լինի առնվազն 3 աստղանի՝ ներառյալ՝ նախաճաշ, պետք է վերանորոգված լինի առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում: Լոռու մարզում հյուրանոցի գտնվելու վայրը գ. Հաղպատն է լինելու, հյուրանոցը պետք է լինի առնվազն 3 աստղանի:

Կարդացեք նաև

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ պարզվում է, որ նախորդ տարի այս միջոցառման կազմակերպման համար գնման նույն ընթացակարգով ընտրվել էր Վլադիմիր Գևորգյանի տիկնոջը պատկանող «Օլ Հոթելս» ՍՊԸ-ն: 11 միլիոն 536 հազար 888 դրամով այդ ընկերությունը ծառայություններ է մատուցել 2023 թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 7-ը «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» միջոցառման շրջանակներում : Այդ ժամանակ նախատեսվել էր Սփյուռքից 20 մասնակցի այց:

Ավելի վաղ 168.am-ն անդրադարձել էր գործարար Վլադիմիր Գևորգյանին ու նրա ընտանիքին ասոցիացվող ընկերությունների՝ պետգնումներում հաղթարշավին՝ բացահայտելով, оրինակ, որ «ԿՈՆՑԵՊՏ ԻՎԵՆԹՍ» , «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ, «ՊԵՑՑՈ ՍՊԸ»-ները, որոնց պարբերաբար վստահվում են պետական այս կամ այն միջոցառումները, իրականում ունեն մեկ դեմք, և այդ մեկ դեմքը Վլադիմիր Գևորգյանն է: «ՕԼ հոթելս» ընկերությունն էլ պատկանում է Վլադիմիր Գևորգյանի տիկնոջը՝ Նադեժդա Ստեփանյանին:

Տեսանյութեր

Լրահոս