2018-2024․ Եթե ես լինեմ վարչապետ, Հայաստանը պետականություն չի ունենա

Ցանկացած իշխանություն իր գործունեությունը կառուցում է որևէ քաղաքական նախագծի հիման վրա, ինչպես որ հիմա վարվում է Նիկոլ Փաշինյանը։ Հայ հասարակությանը նրա առաջարկած քաղաքական նախագծի իմաստը հանգում է Հայաստանի հետ թշնամական հարաբերություններ ունեցող երկրների բոլոր պահանջները կատարելուն, որից հետո հնարավոր է (նա խոստովանում է, որ ոչինչ չի կարող երաշխավորել)՝ նրանք թույլ տան, որպեսզի Հայաստանը ապրի երջանիկ ու խաղաղ կյանքով։

Այս քաղաքական նախագիծը, սակայն, խոցելի է ու անիրատեսական՝ ինչպես բազմաթիվ բարոյահոգեբանական, արժեբանական, այնպես էլ՝ պրակտիկ քաղաքականության իմաստներով։

Նախ, եթե անգամ դա իրականություն դառնա, այսինքն՝ Հայաստանը բավարարի Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր պահանջները, և դրանից հետո հնարավոր լինի խաղաղ ապրել, դա լինելու է անարժանապատիվ, ստորացուցիչ խաղաղություն։ Հասարակությունը, որը թույլ է տալիս իշխանությանը զիջել պետության բոլոր կենսական, գոյաբանական շահերը՝ հանուն նյութական բարեկեցության, աշխարհի տեսանկյունից չի կարող հարգանքի արժանանալ, և շատերի մոտ հարց է առաջանալու՝ արդյո՞ք նման ժողովուրդը պետություն ունենալու իրավունք ունի։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, որ հայտարարում է, թե նոր Սահմանադրությամբ հայ ժողովրդին ոչ պետական ժողովրդից դարձնելու է պետական ժողովուրդ, իր առաջարկած քաղաքական նախագծով իրականում նրան դարձնելու է պետականաքանդ ժողովուրդ։

Կարդացեք նաև

Խոսքը ոչ թե պետության նոմինալ գոյության, այլ այն մասին է, թե դրանից հետո որքանով է բովանդակային իմաստով Հայաստանը համապատասխանելու պետության չափանիշներին։ Այսինքն, եթե հայ հասարակությունն ընդունի փաշինյանական նախագիծը՝ դրանով մեծագույն խարան է դաջելու սեփական  ճակատին՝ շարունակելով ապրել ֆորմալ, ձևական պետությունում, որի բովանդակությունը որոշելու են ուրիշները։

Նիկոլ Փաշինյանի առաջարկած քաղաքական նախագիծը, սակայն, արժեբանական խնդիրներից բացի, անիրատեսական է նաև գործնական քաղաքականության հարթությունում։

Թուրքիան ու Ադրբեջանն առանց թաքցնելու՝ իրենց ստրատեգիական նպատակ են համարում Հայաստանի ոչնչացումը և, ՀՀ ներկայիս իշխանության կողմից ստանալով իրենց բոլոր պահանջների բավարարումը, էականորեն մոտենում են այդ նպատակի իրագործմանը։ Ժամանակակից աշխարհում պետությունները չեն ոչնչացվում միայն պատերազմներով։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի պետությունը հրաժարվի կենսական շահերից, գործնականում չունենա որևէ ռեգիոնալ, աշխարհաքաղաքական նշանակություն և դառնա տարածք, որի բնակիչները, օրինակ, առևտրի միջոցով կգոյատևեն, բայց դրանում կբավարարվեն արդեն այլ երկրների կենսական շահերը։ Թուրքիայի ու Ադրբեջանի համար Հայաստանի ոչնչացումը հենց այդպիսի տեսք կարող է ունենալ․ այն քարտեզի վրա կշարունակի մնալ՝ որպես պետություն, բայց առանց որևէ կենսական շահի և որևէ քաղաքական նշանակության։

Նիկոլ Փաշինյանի առաջարկած քաղաքական պրոյեկտը, այսպիսով, մարտահրավեր է հայ հասարակությանը, որը կարող է դառնալ վերջինը՝ իր գոյաբանական նշանակությամբ։

«Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» կարգախոսով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հիմա ներկայացնում է «Եթե ես լինեմ վարչապետ, Հայաստանը պետականություն չի ունենա» քաղաքական նախագիծը։ Եվ միայն հայ հասարակությունը՝ քաղաքական ուժերի միջոցով կամ առանց դրանց, կարող է մերժել այս առաջարկը կամ երջանկանալ անպետություն ասֆալտի վրա ապրելու հեռանկարով։ 

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս