«Ինձ թող ամուսնուս մասունքները տան». 2022 թվականից Շիրազ Խաչատրյանի դին մնացել է Կուտականի դիրքերի չեզոք հատվածում
2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ընթացքում նահատակված պայմանագրային զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից 34-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինը գտնվում է Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի և ադրբեջանական դիրքերի միջև ընկած չեզոք գոտում, բայց մինչ օրս չեն կարողանում դին դուրս բերել։
Շիրազ Խաչատրյանի կինը՝ Մարիամ Ղարագոզյանը, այս ընթացքում թակել է հնարավոր բոլոր դռները, որպեսզի կարողանան ամուսնու դին հանել չեզոք գոտուց ու հուղարկավորել, սակայն ապարդյուն։ Մարիամն այսօր անելանելի վիճակում է, չգիտի՝ ինչ անի և ում դիմի, որ գոնե ամուսնու մասունքները հանեն ու իրեն տան։
«Որևէ պատասխան որևէ մեկից չեմ ստացել, այդպես սպասում եմ, ինձ նույնիսկ ամուսնուս մասունքը չբերեցին, ոչ էլ հույս են տալիս, որ կբերեն։ Մշտապես գնացել եմ Շիրազի զորամաս, ինձ ասում էին՝ խոտը բարձր է, որևէ բան չի երևում, հետո ասում էին՝ ձյուն է, ու այդպես՝ մինչև հիմա, տարբեր ժամանակներում տարբեր պատասխաններ են տվել։ Հանդիպել եմ մարզպետի, քաղաքապետի հետ, բայց որևէ մեկը հույս չի տվել, ասել են՝ թուրքը թույլ չի տալիս մտնենք այդ տարածք, ու վերջ։
«Կարմիր խաչի» հետ վաղուց եմ խոսել, ասել են, որ գրություն են ուղարկել Ադրբեջան, սակայն այնտեղից պատասխանել են, որ Շիրազ Խաչատրյան անուն-ազգանունով հայ գերի չկա Բաքվում։ Կարմիր խաչից ասացին, որ երբ թույլ տան, այդ ժամանակ կմտնեն չեզոք գոտի։
Մենք վստահ ենք, որ այնտեղ Շիրազի մարմինն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարիամ Ղարագոզյանը։
Նա հայտնեց, որ, երբ վերջին անգամ երբ գնացել է զորամաս, հասկացել է, որ Շիրազի դին բերելու հույս չկա։ Բայց Մարիամը հույսը չի կորցրել, ասում է՝ ամեն առավոտ տան բակից նայում է այն սարին, որտեղ Շիրազի դին է, ու հույսը չի կորցնում, որ մի օր Շիրազի մասունքները կամփոփեն հողում, որտեղ ամեն օր թարմ ծաղիկներ կտանի։
«Շիրազի հիշատակը հարգելու տեղ չունեմ, ամեն օր մի նկար եմ դնում, դրանով եմ սփոփվում։
Այսքան ժամանակ ես կարգավիճակ չունեի, դիմել եմ դատարան, օրես ինձ կարգավիճակ են տվել, Շիրազին զոհված են ճանաչել։ Գոնե այդ կարգավիճակի համար տրվող օգնությունից օգտվեմ, որ երեխաներիս պահեմ, տուն չունեմ, ծնողներս ինձ կանչում են ՌԴ, բայց ես չեմ կարող գնալ, Շիրազը այստեղ է՝ Հայաստանում։ Ես չեմ կարող նրան թողնել այստեղ ու երեխաներին վերցնեմ-գնամ։
Ինձ որևէ բան պետք չէ, ինձ ամուսնուս մասունքները թող տան»,- եզրափակեց Մարիամ Ղարագոզյանը։
Մարիամ այսօր երկու՝ 9 և 6 տարեկան երեխաների հետ բնակվում է գյուղում՝ գյուղապետարանի կողմից հատկացված ժամանակավոր տանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի հունվարի 10-ին լրագրողներից մեկն ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց էր ուղղել, թե Շիրազ Խաչատրյանի դին դուրս բերելու համար ի՞նչ քայլեր են իրականացնում համապատասխան կառույցները, հատկապես այն դեպքում, երբ զինծառայողի ընտանիքի անդամները հստակ ցույց են տվել, թե որտեղ է իրենց որդու դին։
«Նախ՝ շատ ցավում եմ այդ իրավիճակի համար, բայց որոնողական աշխատանքներ արվում են ոչ անընդհատ, այսինքն՝ այնպես չէ, որ անընդհատ դա արվում է, բայց պարբերաբար արվում են։ Իհարկե, ադրբեջանական կողմի հետ համաձայնեցված։
Վերջին անգամ Գեղարքունիքի մարզի հատվածում մեկ շաբաթ առաջ են որոնողական աշխատանքներ արվել, համոզված եմ՝ մեր մարմինները կկապվեն՝ հասկանան, ինչ է… որովհետև նման դեպքեր էլի են եղել, որ մենք հստակ տեղեկություններ ենք ունեցել, բայց չի հաջողվել հայտնաբերել հենց այդ կոնկրետ տեղում, նույնիսկ մեր վերահսկողությունից դուրս գտնվող գոտում գնացել են, իրականացրել են, բայց չի հայտնաբերվել»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ իր մոտ գրի առնելով Շիրազ Խաչատրյանի անուն-ազգանունը՝ վստահեցնելով, թե ասուլիսից հետո կզբաղվի խնդրով։
Սակայն մինչև օրս հարցը մնում է չլուծված։