ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները և Կանադան տասը տարում 600 միլիարդ դոլարով ավելացրել են ռազմական ծախսերը
ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները և Կանադան 2014 թվականից ի վեր 600 մլրդ դոլարով ավելացրել են իրենց ռազմական ծախսերը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Կարող եմ հայտարարել վերջին թվերը: 2014 թվականից ի վեր դաշինքի եվրոպական երկրները և Կանադան ռազմական ծախսերն ավելացրել են 600 միլիարդ ԱՄՆ դոլարով: Անցյալ տարի մենք տեսանք աննախադեպ՝ 11 տոկոսի աճ եվրոպական դաշնակիցների և Կանադայի կողմից։ Ես ակնկալում եմ, որ այս տարի 18 դաշնակիցներ պաշտպանության վրա կծախսեն իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսը։ Դա ևս մեկ ռեկորդ է», – ասել է նա փետրվարի 15-ին դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանն ընդառաջ կայացած մամուլի ասուլիսում։
Ստոլտերբերգի խոսքով՝ սա վեց անգամ ավելի է 2014 թվականի համեմատությամբ, երբ միայն դաշինքի 3 անդամներ էին հասել այս նշաձողին։
«2024 թվականին ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները պաշտպանության համար կծախսեն 380 միլիարդ դոլար։ Առաջին անգամ դա կազմում է նրանց ընդհանուր ՀՆԱ-ի 2 տոկոսը: Այսպիսով, մենք իրական առաջընթաց ենք գրանցում։ Եվրոպական դաշնակիցներն ավելի շատ են ծախսում: Այնուամենայնիվ, որոշ երկրներ դեռ պետք է հասնեն սրան», – հավելել է նա։
Իր հերթին Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ երեք տասնամյակների ընթացքում առաջին անգամ Գերմանիան հայտնել է պաշտպանության համար ՀՆԱ-ի 2 տոկոսին համարժեք գումարի պլանավորված հատկացման մասին: Գերմանիայի կառավարությունը ՆԱՏՕ-ին տեղեկացրել է ռազմական կարիքների համար 73,41 միլիարդ դոլար փոխանցելու մասին. դա Գերմանիայի համար ռեկորդային գումար է, որն, ըստ ներկայիս կանխատեսումների, համապատասխանում է երկրի ՀՆԱ-ի 2,01 տոկոսին: