Լյուդմիլա Սարգսյան. Այս կառավարությունը պետք է լուծարվի անմիջապես
«Ես շա՜տ մեծ կասկածի տակ եմ դնում այդ 7,2 տոկոս աճը, որովհետև այդ 7,2 տոկոսն իրենք ստանում են թվերի մանիպուլիացիայի արդյունքում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` իր կարծիքը հայտնելով ՀՀ կառավարության գործունեության մասին երկուշաբթի օրը նախագահական նստավայրում կայացած մամլո ասուլիսումՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված գնահատականի մասին:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեջբերել էր 2012թ. արդյունքներով Հայաստանի գրանցած տնտեսական աճը, որը կազմել է 7,2 տոկոս` հիշեցնելով, որ Եվրամիության տնտեսությունը աճել է 0,2 տոկոսով, իսկ մասնագետների գնահատմամբ` համաշխարհային տնտեսությունն աճել է 3,5 տոկոսով, միգուցե և պակաս:
«Ես չեմ ասում, որ 7,2 տոկոսը շատ մեծ ձեռքբերում է, բայց մի անգամ էլ պետք է կրկնեմ, որ ամեն ինչին պետք է նայենք համեմատության մեջ: Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձի աճը գերազանցել է գնաճին: Հիմա ես ո՞ր բարոյական իրավունքով կանչեմ այդ կառավարությանը և ասեմ՝ գնացեք հրաժարական տվեք»,- նշել էր նախագահը:
Խոսելով այս մասին` Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Եթե 7 տոկոս աճ գրանցած լինեին, մեր ազգաբնակչությունը դա կզգար իր կենցաղում` աշխատավարձի, թոշակի տեսքով, բայց ինչպես բոլորս, այնպես էլ, կարծում եմ, դուք` լրագրողներդ, շատ լավ գիտեք, որ որևիցէ տնտեսական աճի զգացողություն մեր երկրում չկա: Ժողովուրդը բացարձակապես չի զգում այդ աճի ազդեցությունը, քանի որ այդ աճն իրականում չկա»:
Իսկ ընդհանուր ասուլիսից ստացած իր տպավորությունը Լ.Սարգսյանը գոհացուցիչ չհամարեց:
«Տրված շատ-շատ հարցերի պատասխանները մեզ համար ուղղակի անընդունելի են, որովհետև մենք գիտենք ճշմարտությունը, իսկ այնտեղից հնչում էին ոչ օբյեկտիվ գնահատականներ, և խեղաթյուրվել էր ողջ իրականությունը: Դա վերաբերում է թե´ ընտրական գործընթացներին, թե´ տնտեսական իրավիճակին, թե´ կառավարության աշխատանքին:
Ավելին` ես համարում եմ, որ այս կառավարությունը պետք է լուծարվի անմիջապես: Եթե Սերժ Սարգսյանը փորձում է այս կառավարության պահպանումն արդարացնել նրանով, թե՝ «իսկ ո՞վ ասաց, որ դրանից լավը կգա», ապա դա մեր խնդիր չէ, դա նախագահի խնդիրն է, որպեսզի ապահովի ավելի լավ կառավարություն, որովհետև եթե ժողովուրդը նրան ձայն է տվել, ինչպես ինքն է այդ մասին փաստում, ապա նա պարզապես պարտավոր է ձևավորել այնպիսի կառավարություն և այնպիսի վարչապետ… Պետք է փոփոխության ենթարկվի կառավարության կազմը, համենայն դեպս, գոնե վարչապետի տեսքով, ով բացարձակապես վարկաբեկված մարդ է և ժողովրդի ու ընդհանրապես քաղաքական ուժերի շրջանում որևէ հեղինակություն չի վայելում»,- ասաց ՍԴՀԿ ատենապետ Լ.Սարգսյանը: