ՔՊ-ի թեկնածու Կարեն Թումանյանը դպրոց ընդունվել է 10, ավարտել՝ 20 տարեկանում․ Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը խորհուրդ տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին լավ մտածել՝ Կարեն Թումանյանին ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրելուց առաջ։ Ըստ նրա՝ իրենց ձայնով ՔՊ-ականները բարոյական պատասխանատվություն են ստանձնում, քանի որ ԲԴԽ անդամ են ընտրելու պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձին։

«Դուք ուզում եք մեկին դարձնել ԲԴԽ անդամ, ով խուսափել է զինվորական ծառայությունից՝ ամուսնանալով։ Պարզվում է, որ պարոն Թումանյանը դպրոցն ավարտել է 20 տարեկանում, բանակ զորակոչվելուց 1 տարի առաջ գրանցվել է ամուսնության ակտ, բոլոր փաստաթղթերով, կենսագրական բոլոր տվյալներով՝ դպրոց է ընդունվել 10 տարեկանում, ավարտել 20 տարեկանում, ամուսնացել 20 տարեկանում, և այլևս նրան բանակ չեն տարել»,- հայտարարեց Խամոյանը։

Նա խորհուրդ տվեց ՔՊ-ականներին կարդալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացությունը, որ «հետո խոսալու տեղ ունենան նախկիններին, բանակից խուսափածներին քննադատելու համար»։

Խամոյանը հայտարարեց, որ իշխանականները ցանկանում են ԲԴԽ անդամ դարձնել մի անձի, որը խնդրահարույց կենսագրությունից բացի իրավաբան-գիտնական չէ, ու այստեղ Սահմանադրության խախտում կա։

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը վրդովվեց Ագնեսա Խամոյանի ելույթից, քանի որ այսօր ԱԺ-ում ոչ թե ԲԴԽ անդամի, այլ Վճռաբեկ դատարանի դատավորի հարցն է քննարկվում, և առաջարկեց անջատել Խամոյանի բարձրախոսը։

Տեսանյութեր

Լրահոս