Օրենքի փոփոխությամբ՝ փաստաբանական ծառայությունը հասարակ քաղաքացու համար կթանկանա 40%-ով. Տոտալիզատորներն ազատված են ԱԱՀ-ից, փաստաբանները՝ ոչ. Սիմոն Բաբայան

«Այս հարկային բեռի ավելացումն առաջնահերթ ոչ թե փաստաբանների համար է խնդիր, այլ ՀՀ շարքային քաղաքացու, որը հայցում է ստանալ իրավաբանական օգնություն: Այսօր ծառայություն մատուցող փաստաբաններն աշխատում են գործող հարկային կարգավորումների սահմաններում, 5 % շրջանառության հարկի պարագայում: Առաջարկվող փոփոխություններով՝ փաստաբանների ծառայությունների ինքնարժեքն ավելանալու է շուրջ 40%-ով»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ անդրադառնալով «Հարկային օրենսգրքում» կատարվող փոփոխություններին, համաձայն որոնց՝ փաստաբանների հարկային բեռը զգալիորեն ավելանալու է՝ դրանից բխող հետևանքներով:

Հիշեցնենք՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թ. հոկտեմբերի 1-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5 տոկոսի փոխարեն: Ըստ այդմ կրկնապատկվել է շրջանառությունից առաջացող հարկային բեռը, իսկ արդեն 2025 թ. հունվարի 1-ից նախատեսվում է բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում:

Նախագծի համաձայն` փաստաբանական ծառայություն մատուցող սուբյեկտները 2025 թ. հունվարի 1-ից հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, հարկման ընդհանուր համակարգում գործելու դեպքում փաստաբանական ծառայություն մատուցողները վճարելու են նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս, և որը հաշվարկվում է հարկվող շահույթից` հարկային տարվան վերագրվող համախառն եկամտի և նվազեցումների (ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ) տարբերությունից:

Կարդացեք նաև

Փաստաբանների պալատի նախագահի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ դատարաններում քննվում է շուրջ 250 000 գործ:

«Սա նշանակում է, որ առնվազն 250 000 քաղաքացի առնչվում են այդ գործերին: Ավելին, այդ թիվը կարող է կրկնապատկվել: Բայց մենք միայն դատարաններում առկա գործերի թիվը չպետք է դիտարկենք, քանի որ ունենք նաև բազմաթիվ վարչական վարույթներ, որոնք առնչվում են քաղաքացիներին, իսկ այսօրվա իրավական համակարգը քաղաքացու ընկալման համար բավականին բարդ է, և քաղաքացիները, ուզեն թե չուզեն, առնչվում են իրավաբանական օգնություն ստանալու հրամայականի հետ: Տարրական հայցադիմում կազմելը բավականին բարդ է, և այն սխալ ներկայացնելը քաղաքացու համար կարող է ունենալ բացասական հետևանքներ»,- ասաց նա:

Միաժամանակ, նախագծի կիրառման արդյունքում, փաստորեն, սահմանափակվելու է քաղաքացիներին անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը մասնավոր դաշտում գործող փաստաբանների և փաստաբանական կազմակերպությունների կողմից:

«Բոլոր փաստաբանները, այսպես թե այնպես, տարբեր հանգամանքներով պայմանավորված, անվճար իրավաբանական ծառայություններ մատուցում են, և այսօրվա օրենսդրությամբ դա խրախուսվում է: Սակայն փոփոխությունների դեպքում փաստաբանը զրկված է լինելու անվճար իրավաբանական օգնություն մատուցելու հնարավորությունից, որովհետև եթե նա ստիպված է լինելու գործել առևտրային կազմակերպության շրջանակներում կամ որպես անհատ ձեռներեց՝ նա պետք է անվճար ծառայություն մատուցելու հարկը վճարի ինքնուրույն»,- ասաց Սիմոն Բաբայանը:

Վերջինս նշեց՝ նախագծի հեղինակները սխալ ընկալում ունեն փաստաբանական գործունեության վերաբերյալ:

«Փաստաբանները ոչ թե անհատ ձեռներեցներ են, այլ իրավապաշտպաններ: Արդյո՞ք պետության համար արդարացված է նույն դաշտում փաստաբաններին դիտարկելը»,- տարակուսեց Փաստաբանների պալատի նախագահը:

Դիտարկմանը, որ նախագծով՝ հարկման դաշտում իրավաբանական օգնության տրամադրելուն ուղղված իրավապաշտպան փաստաբանական գործունեությունը հավասարեցվում է խաղատների, շահումով խաղերի (այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի), վիճակախաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի գործունեության հետ, Սիմոն Բաբայանը նշեց՝ իհարկե, գործունեության այս երկու տեսակները համեմատելի չեն:

«Բայց ավելին ասեմ. Տոտալիզատորներն ազատված են ավելացված արժեքի հարկից, իսկ փաստաբանները՝ ոչ: Այսինքն՝ ընդհանուր հարկման ռեժիմի ցանկում ավելացվել են նաև փաստաբանները, որտեղ առկա են նաև այդ կազմակերպությունները, սակայն նրանք մեկ այլ նորմով ազատված են այդ հարկից»,- ասաց Սիմոն Բաբայանը՝ հավելելով՝ նախագծի հեղինակները չեն ներկայացրել գեթ մեկ հիմնավորում՝ ինչու են փաստաբանները ներառվում այդ շրջանակներում, ինչո՞ւ պետք է ավելացվի այս հարկը:

Նա նաև նշեց՝ նախագծի հեղինակները մեզ հետ որևէ քննարկում չեն ունեցել, և իրենք, ինչպես բոլորը, այդ փոփոխությունների մասին տեղեկացել են e-draft.am-ից:

«2019թ. մենք նույն խնդրին բախվել ենք: Ոնց որ դեժավյու լինի: Հիմա նորից գնացել ենք այս հարթակ, նույն ձևաչափով: Բացակայում է որևէ հիմնավորում, վիճակագրություն, անհրաժեշտության վերծանում»,- ասաց Սիմոն Բաբայանը՝ նշելով՝ նախագծի հեղինակը Ֆինանսների նախարարությունն է:

Փաստաբանների պալատի նախագահը նշեց՝ նախագծի վերաբերյալ իրենց առարկություններում իրենք գրել են թե՛ այն վտանգի մասին, որ մեծանում է ստվերի հավանականությունը, թե՛ այն խնդրի մասին, որ առաջանալու է հանրային պաշտպանների քանակի ավելացման կարիք, թեպետ նախագծում նշված է, որ բյուջեի վրա հավելյալ բեռ չի դրվելու: Սակայն ակնհայտ է, որ քաղաքացիները, չկարողանալով օգտվել մասնավոր փաստաբանական ծառայություններից, դիմելու են հանրային պաշտպանի գրասենյակին:

«Այսօր Հանրային պաշտպանի գրասենյակը աշխատում է գերծանրաբեռնվածության ռեժիմով: Սա պայմանավորված է քրեադատավարական օրենսդրության վերջին փոփոխություններով և առհասարակ նմանատիպ օգնություն հայցողների քանակով: Եվ ակնհայտ է, որ հանրային պաշտպանների քանակն ավելանալու է»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահը:

Սիմոն Բաբայանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ օրենքի այս փոփոխություններով՝ թանկացման պայմաններում անձը զրկվում է դատական պաշտպանության իրավունքից, ինչը սահմանադրական նորմ է:

«Մենք ակնկալում ենք նաև Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) պատասխանը: Մեկ շաբաթից ավելի է, դիմել ենք, դեռ պատասխան չունենք: Նրան ներկայացրել ենք իրավիճակը: Ծրագրել ենք նաև որոշակի գործողություններ, որոնց իրականացման հնարավորությունը կքննարկենք՝ նախագծի հետագա շարժով պայմանավորված: Անհրաժեշտության դեպքում կքննարկվի նաև օրենքի սահմանադրականության հարցը»,- ասաց Սիմոն Բաբայանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս