«Իրականում դա «խաղաղության պայմանագիր» չէ, այլ Հայաստանի կապիտուլյացիոն պայմանագիրն է». Միրաքյան

Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկրորդ Փյունիկյան պատերազմից հետո (ՄԹԱ 218-209 թթ.) Կարթագենը պարտվեց, ինչի արդյունքում Հռմը խաղաղության պայմանագրի համար մի շարք նախապայմաններ դրեց:

1. Ռազմածովային հզորությունը թուլացնելու համար Կարթագենը պարտավորվում էր 10 ռազմանավից ավել չունենալ:

2. Կարթագենը պարտավորվում էր պատերզմ չսկսել առանց Հռոմի թույլտվության:

3. Կարթագենը պարտավորվում էր որպես ռազմատուգանք 10 000 արծաթ վճարել առաջիկա 50 տարում (դա ահռելի գումար էր):

Կարդացեք նաև

4. Կարթագենը զրկվում էր ահռելի տարածքներից, այդ թվում Իսպանիայից:

Կարթագենն արեց Հռոմի բոլոր նախապայմանները, քանի որ պարտությունից հետո խաղաղություն էր ուզում:

Բայց Հռոմը խաղաղություն չէր ուզում, Հռոմն ուզում էր Կարթագենը ոչնչացնել: Այդ պատճառով, երբ Կարթագենը երկրորդ Փյունիկյան պատերազմից հետո Հռոմի դրած բոլոր պայմանները կատարեց՝ Հռոմը նոր պայմաններ դրեց:

1. Կարթագենի բնակչության էվակուացիա և բնակեցում այլ վայրում:

2. Նոր ռազմատուգանքների վճարում (գումարած նախորդին):

3. Ռազմածովային ուժերի ամբողջությամբ հանձնում Հռոմին:

Քանի որ այս նախապայմաններն արդեն անիրականանալի էին, դա պատճառ հանդիսացավ, որ Հռոմը սկսի երրորդ Փյունիկյան պատերազմը (ՄԹԱ 149-146թթ.) ինչի արդյունքում

Հռոմն ավերեց Կարթագենը, քաղաքի տարածքում էլ աղ լցրեցին, որ այդ հողերը երբեք հնարավոր չլինի վերականգնել:

Հիմա անցնենք մեզ:

Ո՞վ է հիշում, որ 2021 թվականին Հայաստանը խաղաղության համար պետք է հանձներ Քարվաճառը, Ակնան ու Քաշաթաղը («խաղաղության» համար խաղաղ ձևով մենք թուրքերին ավելի մեծ տարածք, հայրենիք հանձնեցինք, քան իրենք կարողացել էին գրավել ռազմական ճանապարհով): Հանձնեցինք:

Ո՞վ է հիշում, որ Հայաստանը պետք է թույլ տար ադրբեջանական զինուժին տեղաշարժվել հայկական տարածքներվ: Թույլատրեցինք: Ո՞վ է հիշում, որ խաղաղության համար Հայաստանը պետք է փակեր Դրմբոնի ոսկու արտադրամասը: Փակեցինք:

Ո՞վ է հիշում, որ Հայաստանը խաղաղության համար պետք է պետնախարարի պաշտոնից հեռացներ Ռուբեն Վարդանյանին: Հեռացրեցինք:

Կարող եմ շարունակել, բայց տրամաբանությունը հասկացաք՝ նախապայմանները չեն ավարտվում:

Ադրբեջանի բոլոր նախապայմանները խելոք արեցինք, իսկ ո՞ւր է հիմա Արցախը: Ադրբեջանի բոլոր նախապայմաններն անելու արդյունքում նա 2023 թվականի սեպտեմբերին սկսեց Արցախի երրորդ պատերազմը, ինչի հետևանքով Արցախը վերջնական պարտվեց ու դատարկվեց:

Բայց չէ՞ որ մենք նրա բոլոր նախապայմաններն արել էինք, որ խաղաղություն տիրեր Արցախում: Չտիրեց:

Խաղաղության պայմանագրից առաջ Ադրբեջանի նախապայմանների իմաստը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի ոչնչացումը:

«Խաղաղության նախապայմաններն» ու ռազմական գործողությունները համատեղ օգտագործելով Ադրբեջանը կարողացավ ոչնչացնել Արցախը: Բայց նրա նպատակն Արցախը չէ, նրա նպատակը Հայաստանի ոչնչացումն է:

Դրա համար մի կողմից «խաղաղության նախապայմաններ» է դնում, մյուս կողմից՝ ողջ ՀՀ տարածքն անվանում է Արևմտյան Ադրբեջան:

Իրականում դա «խաղաղության պայմանագիր» չէ, այլ Հայաստանի կապիտուլյացիոն պայմանագիրն է, որը կնքելուց առաջ Ադրբեջանը փորձում է մաքսիմում դիվիդենտներ պարտադրել:

Մենք դատապարտված ենք, երբ մեր թշնամին ուզում է հաղթել, իսկ մենք՝ խաղաղ ապրել:

Ահա այն ամենը, ինչ ուզում էի ասել Ադրբեջանի կողմից «խաղաղության նոր նախապայմանների» մասին, որոնք ենթադրում են մեր Սահմանադրության փոփոխությունը:

Եթե Հայաստանը պատրաստ է «խաղաղության պայմանագրի» համար բոլոր կնճռոտ հարցերը լուծել իր զիջումների հաշվին, ապա Ադրբեջանին մնում է օգտվել այդ իրավիճակից, միաժամանակ ուժեղացնելով իր բանակը, մինչև կհասնի այնպիսի նախապայմանների, որոնք արդեն նույնիսկ ամեն զիջումի պատրաստ Հայաստանն ի վիճակի չի լինելու անել ու Ադրբեջանը նոր ռազմական գործողություններ կսկսի՝ 1915 թվականի տարածաշրջանում հայերի ոչնչացման թուրքական ռազմավարական ծրագիրն ավարտելու համար:

Ի՞նչ անել:

Ամեն գնով վերականգնել ռազմական բալանսն ու մի քանի լոկալ ռազմական հաղթանակ տանել, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ այս պահին ռազմական հաղթանակ չի կարող ունենալ:

Էդ ժամանակ իրենք կկնքեն «խաղաղության պայմանագիրը», որ ժամանակ շահեն իրենց ռազմական կարողությունները մինչև նոր պատերազմ ուժեղացնելու համար:

Դե, էդ ընթացքում մենք էլ մերը պետք է ուժեղացնենք:

Գոյության կռիվ է, ուրիշ ճանապարհ չկա»:

Տեսանյութեր

Լրահոս