Եթե Հայաստանը չի հետապնդում Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիր, շահագրգիռ ուժերը դրանից կօգտվեն. Աշոտ Մելքոնյան

ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ հարցին, հայտարարեց՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության թիվ մեկ առաջնահերթությունը չէ։

«Ինչպես կարող եք ենթադրել նրանից, որ ես առաջնահերթությունները թվարկելիս առանձին դրան չանդրադարձա, դա մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Եվ պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ այն թիվ մեկ առաջնահերթություն դարձնելն արտաքին գործերի նախարարության օրակարգ չէ»,- իր խոսքում նշել է Արարատ Միրզոյանը։

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ եթե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի առաջմղումը ՀՀ իշխանությունների կողմից չի դառնում առաջնահերթություն, բնականաբար, դա կանդրադառնա հարցի միջազգային ճանաչման վրա՝ այդ գործընթացն ավելի կդանդաղի։

«Այս ամենից զատ, մյուս կողմից էլ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը պայմանավորված է կոնկրետ երկրների հարաբերություններով Թուրքիայի հետ։ Այսինքն՝ անկախ այն հանգամանքից, թե ՀՀ իշխանությունների վերաբերմունքն այդ հարցին ինչպիսին է, որոշ երկրներ կարող են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այսինքն՝ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման պայմաններում Հայոց ցեղասպանության հարցը տարբեր երկրների միշտ էլ օգտագործել են»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Մելքոնյանը։

Կարդացեք նաև

Այս համատեքստում նա հիշատակեց Իսրայելին՝ շեշտելով, որ Իսրահելը Հոլոքոստ է տեսել, այն աշխարհը դատապարտել է, սակայն Իսրայելը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել՝ ելնելով Թուրքիայի հետ ունեցած հարաբերություններից։ Երբ նրա հարաբերությունները Թուրքիայի հետ ժամանակ առ ժամանակ սրվում են, հանկարծ Իսրայելի խորհրդարանում օրակարգ են բերում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, հետո սառեցնում, եթե Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալանում են։

«Ինքս նույնիսկ այս հայտարարություններից հետո չեմ բացառում, որ լինեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դրսևորումներ, քանի որ շատ երկրներ բավականին բարդ ու սրված հարաբերություններ ունեն։ Սակայն եթե պետականորեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չկա օրակարգում, բնականաբար, այն ուժերը, որոնք չեն ցանկանում այս հարցը հասցնել միջազգային ճանաչման մակարդակի, այս ամենը կօգտագործեն։ Նրանք կմատնանշեն այն հանգամանքը, որ Հայաստանը չի հետապնդում այդ խնդիրը, ուրեմն՝ լավ կլինի պաշտոնական ճանաչումից հեռու մնան»,- եզրափակեց Աշոտ Մելքոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս