
Իսրայելում ձերբակալել են Իրանի օգտին լրտեսության մեջ կասկածվող ամուսնական զույգի

Իսրայելում ամուսնական զույգ է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով։ Այս մասին հայտնում է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ ձերբակալությունն իրականացվել է Իսրայելի ոստիկանության հատուկ ստորաբաժանման և անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ գործողության շրջանակներում։ Ձերբակալվածները 32-ամյա ամուսիններ Ռաֆայել և Լալա Գուլիևներն են, որոնք բնակվում են Թել Ավիվի մոտ գտնվող Լոդ քաղաքում։
Հետաքննության տվյալներով՝ նրանց հավաքագրել է Ադրբեջանի քաղաքացի, ով գործել է Իրանի հետախուզական ծառայությունների շահերից ելնելով։
Ոստիկանության տվյալներով՝ Գուլիևի ուշադրության ներքո են եղել Իսրայելի անվտանգության օբյեկտները, այդ թվում՝ Մոսադի հետախուզական ծառայության շտաբը։ Նա նաև հետևել է Իսրայելի Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտում աշխատող փորձագետին՝ նրան վնասելու նպատակով, ասվում է հայտարարության մեջ: