Ժաննա Անդրեասյանը Բոլատ Իմանբաևի հետ հանդիպմանը կարևորել է, որ Ղազախստանում ներդրվի հայերենի ուսուցման բուհական ծրագիր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով դեսպանին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկար տարիների գործընկերությունը երկու երկրների միջև և նշել, որ համագործակցության լավ փորձ է ձևավորվել, որը զարգանալու և ընդլայնվելու հեռանկարներ ունի:

Դեսպան Իմանբաևը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հույս է հայտնել, որ երկու երկրների միջև ոլորտային արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում:

Դեսպանը, մասնավորապես, կարևորել է կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումները և երկկողմ կապերի զարգացումը:

Ներկայացնելով ՀՀ-ում ընթացող բարեփոխումները՝ նախարարը շեշտել է բուհերի միջազգայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև կարևորել միջբուհական համատեղ հետազոտական նախագծերը:

Ժաննա Անդրեասյանը դեսպանին տեղեկացրել է, որ Երևանի պետական համալսարանում ներդրված կրթական ծրագիրը ղազախերեն ուսումնասիրելու հնարավորություն է ընձեռում: Նա կարևորել է, որ Ղազախստանում նույնպես ներդրվի հայերենի ուսուցման բուհական ծրագիր. «Կարծում եմ՝ դա երկու բուհերի միջև համագործակցության հրաշալի առիթ կլինի, որի շրջանակում հնարավոր կլինի նաև կազմակերպել ուսանողների, ինչպես նաև դասախոսների փորձի փոխանակման ծրագրեր», – ասել է Ժաննա Անդրեասյանը:

Կողմերը կարևորել են նաև սպորտի, երիտասարդության և մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Հանդիպման ավարտին դեսպան Բոլատ Իմանբաևը Ժաննա Անդրեասյանին նվիրել է 2023թ. նոյեմբերին հայերենով լույս տեսած «Ղազախական ժողովրդական հեքիաթներ» գիրքը:

Տեսանյութեր

Լրահոս