Մեծ դժգոհության ալիք կբարձրանա սփյուռքում՝ Փաշինյանի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցը չեղարկելու դեպքում. Լուլուկյան
Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արված Հայաստանի անկախության հռչակագրին, որով փաստվում է, որ Հայաստանի 3-րդ Հանրապետությունը ստեղծվել է նաև տեր կանգնելու Արցախին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Հենց այս դրույթները տասնամյակներ շարունակ խնդրահարույց են եղել՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ Ադրբեջանի համար։ Ավելին, Արցախի 44-օրյա պատերազմից մեկ տարի անց՝ 2021 թվականին, Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր Սահմանադրություն։ Նույն պահանջը Հայաստանից ունի նաև Թուրքիան։
Ադրբեջանաթուրքական պահանջը, այլ ձևակերպումներով փաթեթավորված, օրերս կրկնեց Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի։ «Այս առումով արդարադատության նախարարի հետ աշխատանքային մեկ-երկու քննարկման ժամանակ ես արձանագրել եմ, որ իմ ու նաև մի շարք գործընկերների կարծիքով, և այս միտքը ես բարձրաձայնում եմ, որպեսզի այն նաև ավելի լայն քննարկման առարկա դառնա, Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության»։
Ինչ վտանգներով է հղի, մասնավորապես, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Սահմանադրությունից հեռացնելը, և դրան ինչպե՞ս կարձագանքի Ցեղասպանության հետևանք սփյուռքը, 168.am–ը ճշտեց Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանից։
Հարցին ի պատասխան՝ նա խիստ մտահոգություն հայտնեց Հայաստանում նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին հայտարարությունների առնչությամբ, մասնավորապես, որ դրանցում բացակայում է մեր ազգային շահերի պաշտպանությունը։ «Դեռ 2022 թվականին մեր խորհուրդը հանդիպում է ունեցել Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ՝ հայտնելով մեր մտահոգությունը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման չեղարկման ու արգելափակման հետ կապված։ Նշել ենք, որ բանակցային գործընթացում այս հարցը պետք է դիտարկվի որպես կարմիր գիծ, որովհետև սա համահայկական խնդիր է։
Մեզ համար անթույլատրելի է, որ Սահմանադրության նախաբանում փոփոխություն տեղի ունենա և չեղարկվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, ինչը խորը անջրպետ կստեղծի սփյուռքի և ՀՀ իշխանության միջև։ Եթե դա տեղի ունեցավ, շատ մեծ դժգոհության ալիք կբարձրանա սփյուռքում, դա չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ սփյուռքի շահերից։ Կրկնում եմ՝ Հայոց ցեղասպանության հարցը սփյուռքի ինքնության և հիշողության ամենակարևոր հարցերից մեկն է»,- խոսքը եզրափակեց Լուլուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։