
«Նաիրիտ» գործարանի ենթակայանում՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը պատկանող տարածքում, հայտնաբերվել է 23-ամյա աշխատակցի մարմինը

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 16։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նաիրիտ» գործարանի տարածքում գտնվող Նաիրիտ 35/6 ենթակայանում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը պատկանող վայրում դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված վայրում Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են Երևանի բնակիչ 23-ամյա Պարույր Հ․-ի դին։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ», հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների ՀԷՑ ընկերության կողմից տրամադրված բետոնե հենասյունը բարձրացնելու ժամանակ ամբարձիչի վրա ամրակը պոկվել է և հենասյունը ընկել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։