Արայիկ Հարությունյանը, Տարոն Չախոյանը, Նազելի Բաղդասարյանը, Ներսես Երիցյանը որոշել են նոր օրենք գրել․ «Հրապարակ»
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն, ով առանձնահատուկ «սեր» ունի ազատ խոսքի և մամուլի նկատմամբ, այսօր իր մոտ է հավաքել ինչ որ մարդկանց և քննարկել «Տեղեկատվության ազատության և Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքը փոխելու հարցը: Հանդիպմանը ներկա են եղել ինչ որ չինովնիկներ եւ իշխանությունների սիրելի Լևոն Բարսեղյանը, Նունե Սարգսյանը, Հովսեփ Խուրշուդյանը և այլն: Մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն տեղեկատվության ազատության եւ մամուլի հետ, եթե չասենք՝ պարբերաբար վնասում են խոսքի ազատությանն ու լրատվամիջոցների աշխատանքին։ Քննարկմանը որևէ լրատվամիջոցի ներկայացուցիչ՝ խմբագիր կամ լրագրող ներկա չի եղել, չի հրավիրվել նաեւ Ժուռնալիստների միության նախագահը։ Մամուլի եւ տեղեկատվության հարցերը քննարկում են առանց այդ ոլորտի մասնագետների մասնակցության:
Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանի հետ, ով մասնակցել է հանդիպմանը:
– Մենք հաղորդագրությունից իմացանք, որ տեղեկատվության ազատության օրենքը զուգակցվել է տվյալների դասակարգման, պահպանման և մշակման տեխնիկական լուծումներ առաջարկող օրենքի հետ և որոշել են դարձնել մեկ ընդհանուր օրենք։ Ի՞նչ կապ ունեն այդ 2 գործընթացներն իրար հետ և ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
– Նախ չի կարող տեղեկատվության ազատության մասին իրավունքը զուգակցվել տվյալների դասակարգման, պահպանման և մշակման տեխնիկական լուծումներ առաջարկող օրենքի հետ և դառնալ մեկ ընդհանուր օրենք: Սա Կենտրոնի դիրքորոշումն է եղել ի սկզբանե, երբ սկսել են մշակել տվյալների վերաբերյալ օրենսդրությունը։ Երբ ԻԱԿ-ը Կառավարության հետ միասին քննարկել է այս օրենքի նախագիծը, Կենտրոնը՝ որպես 22 տարի այս ոլորտում գործող կառույց, ի սկզբանե հարց է դրել, որ տվյալների դասակարգման և մշակման օրենքի նախագիծը չի կարող «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում լինել և մաս կազմել: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ կապ ունի այդ ամենի հետ Հարությունյանն, ի դեպ ես որևէ մեկին արդարացնելու խնդիր չունեմ, սակայն ասեմ, որ նա է Կառավարության ներկայացուցիչը: Կառավարությունն է օրինագծերի հեղինակը: Կառավարության կառուցվածքն է այդպիսին, նախարարությունները ենթարկվում են կառավարությանը: Ես հեռանալով անձերից կարող եմ ասել, որ կառավարության պարտքն է նման դեպքերում քաղհասարակության համար լայն քննարկում ապահովելը, այլ հարց է, թե ինչու է հիմա դա արվել:
– Նախ, օրինագիծը պետք է քննարկվի այդ օրենքները կիրառողների՝ լրատվամիջոցների հետ, ապա քաղհասարակության։ Կառավարության հաղորդագրության մեջ ասվում է, որ քննարկման արդյունքում վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանտուներին հանձնարարել է լրամշակել նախագիծը՝ համաձայն հնչած կարծիքների և մոտեցումների: Ի՞նչ կարծիքներ են հնչել, ի՞նչ քննարկում է եղել: Այս նախագիծն ուղիղ կապված է մամուլի հետ, սակայն քննարկմանը ոչ մի խմբագիր, լրագրող հրավիրված չի եղել, անգամ ՀԺՄ-ն ներկա չի գտնվել քննարկմանը:
– Դե ինչպես գիտենք` նախագծի հիմքը կառավարության ռազմավարական երկու փաստաթղթերն են, որոնք ուղղված են թվայնացմանը, տվյալների քաղաքականության օրենսդրության մշակմանը: Երկու տեխնիկական լուծումներ պահանջող նախաձեռնություններ են դրանք: Քննարկումներ են նախաձեռնվել նախքան այս: ԲՏԱ-ն առաջարկել է օրենսդրական ուսումնասիրություններ անել: Ներսես Երիցյանի հիմնադրամն է զբաղվել դրանով: Իրենք այդ ամենը մշակել են ի սկզբանե: Արդարադատության նախարարության անձնական տվյալների գործակալությունը խիստ կարծիք է ուղարկել, որ սա անընդունելի նախագիծ է և որևէ կերպ չի կարող առնչվել տվյալների քաղաքականության տեխնիկական լուծումների հետ, չի կարող այն կյանքի կոչվել: Մեր կենտրոնը ևս կիսում է այդ տեսակետը: Այս նախագիծը պետք է լիովին հեռացվի: Կարելի է միայն տվյալների քաղաքականությունը քննարկել` թվայնացման դարաշրջանում: Հետագայում էլ մի քանի հանդիպումներ նախաձեռնվել են Ներսես Երիցյանի կենտրոնի կողմից: Մենք գրավոր ևս ներկայացրել ենք, որ Տեղեկատվության ազատության մասին օրենքը պետք է հանգիստ թողնել: Նոյեմբերին արդեն մենք տեղեկացանք, որ նախագիծը պատրաստ է, սակայն դա նորից եմ կրկնում` մեզ համար անընդունելի է: Առանց ՀԿ-ներին ուղարկելու և կարծիքները տեսնելու, այն տեսնում ենք e-draft.am կայքում և անմիջապես արձագանքում ենք: Նամակ ենք գրում Կառավարության աշխատակազմին, ԲՏԱ նախարարությանը, ինչից հետո ստանում ենք այս քննարկման հրավերը:
– Արդյունքում ի՞նչ տեղի ունեցավ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ հանձնարարվել է լրամշակել նախագիծը՝ համաձայն հնչած կարծիքների:
– Դե պատասխանատուներն այս նախագիծը մշակողներն են: ԲՏԱ նախարարությունից են: Կառավարության ղեկավարը չի կարող ՀԿ-ներին ինչ-որ բան հանձնարարել: Դե յուրե մեզ ոչինչ չեն կարող հանձնարարել: Մեր ասելիքն այն էր, որ սկզբունքորեն ասել ենք` նման մոտեցում չի կարելի ցուցաբերել, առայժմ ոչինչ չանել: Մենք ինքներս` լրագրողներով, շահագրգիռ կողմերով քննարկումներ կիրականացնենք, նոր միայն կհասկանանք` արժե՞ ձեռք տալ այդ ամենին, թե՞ չարժե:
– Բայց ոչ մի լրագրող ներկա չի եղել այդ քննարկմանը: Փաստացի առանց մամուլի ներկայացուցիչների, քննարկում եք մամուլին վերաբերող օրինագծեր: Ո՞րն է նպատակը:
– Ի՞նձ եք հարցնում, Լիլիա Աֆրիկյանից հարցրեք: Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, սակայն սկզբունքային մոտեցումը սա էր` Տեղեկատվության ազատության մասին օրենքը պետք է զատել մյուս մասից, այսինքն` մենք չենք էլ տանում այդ հարցը բովանդակային քննարկման, ողջ խնդիրը սա է: Չպետք է անգամ քննարկել, այս հարցը պետք է համարել լուծված, որովհետև եթե գնանք բովանդակային քննարկման կնշանակի` համաձայն ենք, որ Տեղեկատվության ազատության մասին օրենքը միացվի տվյալներին: Ի դեպ` ներկաներից բոլոր ՀԿ-ները դեմ էին դրան: Այնպես որ այս փուլում բովանդակային քննարկում չի արվել: Մենք ևս մեկ անգամ ասացինք, որ դեմ ենք նման մոտեցմանը, չի կարելի:
– Բայց ի վերջո` ո՞րն է այս նախագծի նպատակը: Ի՞նչ է ուզում անել կառավարությունը:
– Ոլորտին անտեղյակ գերատեսչությունը որոշել է մտնել մի բանի մեջ, ինչից չի հասկանում: Իմ մոտեցումն այն է, որ բոլոր կառավարություններն ուզում են սահմանափակել այս ոլորտը: Սա 11-րդ փորձն է` բոլոր կառավարությունների կողմից, որպեսզի այս օրենքը ենթարկվի փոփոխությունների: Աշխարհում միշտ կա նման միտում: Խոսակցություններից ակնհայտ դարձավ, որ մենք խոսում էինք այլ բանի մասին, նախագիծը ներկայացնող կողմը խոսում է լրիվ այլ բանի մասին և տպավորություն է, որ այդ մարդիկ ուղղակի չէին հասկանում խոսքն ինչի մասին է: Ոչ կոմպոնենտ մասնագետներ էին հավաքվել և չգիտես ինչու որոշել էին, որ պետք է իրենց կարծիքով լավ բան անեն: Իրենք էլ խոստովանեցին, որ իրավունքի մասնագետ ներգրավված չի եղել: Բայց չի էլ հասկացվում, թե սա ինչին է միտված: Սա այն տեղը չէ, որ հիմա ասեմ խոսքի ազատությունն են սահմանափակում:
– Բայց քիչ առաջ ասացիք, որ բոլոր կառավարությունները նման խնդիր են ունեցել:
– Բայց այստեղ ես չտեսա նման միտում, եթե իսկապես լինեին հիմնավորումներ, ես հստակ կխոսեի, բայց քննարկումն այլ ուղղությամբ էր գնում, տվյալների քաղաքականության և անհրաժեշտության մասին, որը ոչ մի կապ չուներ տեղեկատվության ազատության հետ, ողջ խնդիրը սա է, ուստի չեմ կարող այլ գնահատական տալ:
– Ներկաներն ովքե՞ր էին:
– Ես միայն Տարոն Չախոյանին, Նազելի Բաղդասարյանին ճանաչեցի: Մնացածներն անգամ չներկայացան, ելույթ չունեցան: