819 գրամ հերոին, ափիոն և այլն
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի բնակիչ՝ 35 ու 47 և Կոտայքի մարզի բնակիչ՝ 39 տարեկան երեք տղամարդ ձեռք են բերում առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և զբաղվում դրանց իրացմամբ։
Ստացված տվյալներն իրացվեցին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի և Վայոց ձորի պարեկների հետ համագործակցությամբ: Հունվարի 17-ին, ժամը 23-ին, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով, ձերբակալվեցին և, Սյունիքի մարզի 42-ամյա մի բնակչի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, ոստիկանության Եղեգնաձորի բաժին տեղափոխվեցին վերոհիշյալ երեք տղամարդիկ:
Անձնական խուզարկությամբ 35-ամյա երևանցու մոտ հայտնաբերվեց փայլաթիթեղի փաթեթ` հերոինի նմանվող 819 գրամ զանգվածով: Ափիոնի նմանվող շագանակագույն լուծույթով լցված ներարկիչ հայտնաբերվեց 47-ամյա երևանցու մոտ, Կոտայքի մարզի 39-ամյա բնակչի մոտ` մոխրացած հետքերով ապակյա գլանակ, իսկ սյունեցի վարորդի մոտ հայտնաբերվեց գաղտնի փականով դանակ։
Բոլորն էլ ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում դատարանի որոշմամբ հունվարի 18-ին խուզարկություն է կատարվել նաև «ԲՄՎ» մակնիշի մեքենայում: Հայտնաբերվել է երկու փաթեթ` լցված մարիխուանայի նմանվող մոտ 88 գրամ զանգվածով:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։