Փոփոխություններ՝ հարկային և մաքսային ծառայողների թափուր պաշտոնների զբաղեցման համար. նախագիծն ԱԺ-ում է
Հայաստանում փոփոխություններ են կատարվում հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման պահանջներում:
«Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը:
«Հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այն պարագայում, երբ չեն լինի պատրաստում անցած և հավաստագիր ստացած թեկնածուներ, այդ պաշտոնները կարող են զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, հարկային կամ մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով»,-ասաց Սմբատյանը:
Առաջարկվում է սահմանել, որ, եթե 2024թ հունվարի 1-ից հետո թափուր պաշտոնները զբաղեցնելու համար չկան պատրաստում անցած, հավաստագիր ստացած թեկնածուներ, ապա այդ պաշտոնը կարող է զբաղեցվել այլ անձի հետ Քաղծառայության օրենքով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով՝ մինչև օրենքով սահմանված կարգով հարկային, մաքսային ծառայության տվյալ թափուր պաշտոնում նշանակում կատարելը, բայց ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով՝ հաշվի առնելով անձի կրթության և աշխատանքային փորձի համապատասխանությունը տվյալ պաշտոնի անձնագրին:
Առաջարկվում է նաև սահմանել, որ հարկային կամ մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու դեպքերը և այդ պաշտոնների զբաղեցման հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն Քաղծառայության մասին օրենքով: Այսինքն՝ յուրաքանչյուր ոք, որ կհամապատասխանի տվյալ պաշտոնի անձնագրի չափանիշներին, կարող է ժամանակավոր նշանակվել այդ պաշտոնում: