ՌԴ-ից ուղարկված Սուրբծննդյան նվերները հնարավոր է առգրավվեն. ԳԴՀ-ի մաքսային ծառայություն

Գերմանիայի մաքսատունը նախազգուշացրել է, որ պատժամիջոցային ռեժիմի պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված կարող է առգրավել Ռուսաստանից Գերմանիա ուղարկվող Սուրբծննդյան նվերները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գերատեսչությունն իր հաղորդագրության մեջ հիշեցրել է 2014 թվականի հուլիսի 31-ին ԵՄ խորհրդի ընդունած № 833/2014 կանոնակարգի մասին։

«Դրա հետևանքով Ռուսաստանից տարաբնույթ մի շարք ապրանքների ներմուծումն արգելված է։ Այդ արգելքի տակ են մտնում նաև այն ապրանքները, որոնք կարող են նվերային ծանրոցների տիպիկ պարունակություն ունենալ, օրինակ` փայտյա իրեր, քարեր և թանկարժեք մետաղներ, ծխախոտ, պլաստմասսա և քիմիական արտադրանք, այդ թվում` պատրաստի քիմիական արտադրանք, օրինակ՝ կոսմետիկա», – նշել է մաքսատունը։ Նույնիսկ գրքերն ու խաղալիքները կարող են մնալ սահմանային վերահսկման կետերում։

Միևնույն ժամանակ մաքսատնից ընդգծել են, որ պատժամիջոցային կանոնակարգի հավելվածի մեջ մտնող և երբեմն մասնավոր անձի կողմից ուղարկվող նվերների արգելքի հետ կապված բացառություններ չկան։ «Պատժամիջոցների տակ ընկնող ապրանքների նկատմամբ կարող է կալանք դրվել, այսինքն` դրանք կարող են առգրավվել», – նախազգուշացրել են գերատեսչությունից։

2023 թվականին Գերմանիայում մաքսային մարմինների աշխատակիցների կողմից ՌԴ քաղաքացիներից ՌԴ-ում գրանցված և անձնական կամ տարանցման նպատակով ԳԴՀ ժամանակավոր ներմուծված մեքենաների առգրավման առանձին դեպքեր են գրանցվել։

ԵՄ խորհրդի՝ «Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ռուսաստանի գործողությունների հետ կապված սահմանափակող միջոցների մասին» կանոնակարգով արգելվում է ԵՄ երկրների տարածք մի շարք ապրանքների, այդ թվում՝ ավտոմեքենաների ներմուծումը և վաճառքը։ Գերմանիայի մաքսային ծառայությունը «ներմուծում» ասելիս հասկանում է ԵՄ-ի տարածքում ապրանքների ֆիզիկական ցանկացած տեղաշարժ, այսինքն՝ ոչ միայն վաճառքի նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս