Արմեն Ղազարյանը Ժնևում մասնակցում է Փախստականների հարցերով գլոբալ ֆորումին
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը Ժնևում մասնակցում է Փախստականների հարցերով գլոբալ ֆորումի երկրորդ համաժողովին, որը տեղի է ունենում 4 տարի պարբերականությամբ:
Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից, այն նպատակաուղղված է գործնականում աջակցելու Փախստականների վերաբերյալ գլոբալ հռչակագրի դրույթների իրականացմանը, այդ թվում՝ մեղմելու ճնշումը ընդունող երկրների վրա, նպաստելու փախստականների ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, ավելացնելու երրորդ երկրների լուծումների հասանելիությունը և բարելավելու պայմանները ծագման երկրներում:
Փախստականների զբաղվածության ու ձեռներեցության թեմաներին նվիրված նիստում Արմեն Ղազարյանն ընդգծել է ազգային օրենսդրության ընձեռած հնարավորությունները փախստականների համար, որոնց իրավունքների փաթեթում աշխատանքի բաղադրիչը լիարժեք համընկնում է ՀՀ քաղաքացիների իրավունքների հետ: Նա նշել է, որ ձեռներեցության մասով հաջողության պատմություններ են արձանագրվել, մասնավորապես, Սիրիայից Հայաստան ժամանած փախստականների շրջանում:
Փախստականների հարցերով գլոբալ ֆորումի առաջին համաժողովի ընթացքում Հայաստանի ստանձնած հանձնառությունները գերակշիռ մեծամասնությամբ իրականացվել են: Մասնավորապես, մշակվել և Կառավարության հավանությանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության միգրացիոն քաղաքականության՝ ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորման 2022-2032 թթ. ռազմավարությունը և դրանից բխող 2022-2026 թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը,
– գործարկվել է ապաստանի գործերի կառավարման թվային հարթակ,
– ուսումնասիրվել է ՀՀ-ում ապաքաղաքացիության խնդիրը, վեր հանվել այն հիմնական պատճառները, որոնք հիմք են հանդիսացել վերջին տարիներին ՀՀ-ում քաղաքացիություն չունեցող անձանց թվի աճի համար,
– և այդ թվի աճի կանխարգելման նպատակով համապատասխան փոփոխություններ են կատարվել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում,
– աշխատանքներ են տարվում «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծի մշակման ուղղությամբ,
– պարբերաբար անցկացվել և անցկացվում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ապաստանի և իրավական ապահովման բաժնի աշխատակիցների՝ միջազգային պաշտպանության հարցերում կարողությունների զարգացմանն ուղղված ուսուցումներ,
– ներկայումս վերանայվում է փախստականների և ապաստանի ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը: