Քվեարկության ժամանակ օգնության ցուցաբերումը` մտահոգության առարկա

Մարտի 19-ից 21-ը Ստրասբուրգում կգումարվի Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գարնանային նստաշրջանը: Այն հիմնականում նվիրված է «Ճգնաժամը Եվրապայում. տեղական և տարածքային ժողովրդավարության մարտահրավերները» թեմային:

Նստաշրջանի շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն 2012թ.-ի սեպտեմբերի 9-ին և 23-ին Հայաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման արդյունքները: Հիմնական զեկուցող` Ֆրանսիայի ներկայացուցիչ Անրի Ֆերալը կներկայացնի բանաձևի և առաջարկների նախագիծը:

Եզրակացության մեջ, մասնավորապես, նշվում է, որ, ըստ դիտորդական առաքելություն իրականացրած ԵԽ-ի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակների, թե սեպտեմբերի 9-ին և թե 23-ին քվեարկությունն անցել է լուրջ և հանգիստ մթնոլորտում, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովները հիմնականում լավ էին պատրաստված: Նախորդ` 2008.-ի ՏԻՄ և 2009թ.-ի Երևանի ավագանու ընտրությունների համեմատ կազմակերպչական հարցերում առաջընթաց է արձանագրվել:

Կոնգրեսը միաժամանակ ափսոսանք է հայտնում տեղական ընտրությունների նկատմամբ պատշաճ հետաքրքրության բացակայության առիթով, ինչպես նաև այն կապակցությամբ, որ, չնայած ընտրական օրենսդրությամբ կուսակցություններին թեկնածուներ առաջադրելու ընձեռնված հնարավորությանը, կուսակցությունների մեծ մասն այդ ընտրությունների նկատմամբ հետաքրքրություն առանձնապես չեն դրսևորել:

Չնայած արձանագրված որոշ առաջընթացին, Կոնգրեսը մշակել է առաջարկներ ու հանձնարարականներ` Հայաստանի իշխանություններին, մասնավորապես, կոչ անելով միջոցներ ձեռնարկել ընտրովի պաշտոններում կանանց ներկայացվածության, ՏԸՀ-ների նախագահների պատրաստվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև ընտրական տեղամասերում անձանց, մասնավորապես, կուսակցությունների ներկայացուցիչների, ներկայության սահմանափակման ուղղությամբ:

Նախագծում, մասնավորապես, նշվում է, որ, չնայացած քվեարկությունն անցել է հանգիստ և կազմակերպված մթնոլորտում` մասնակցության բավարար մակարդակով, այդուհանդերձ հաճախ շատ ընտրական տեղամասերում եղել են պարզված և չպարզված անձանց մեծ կուտակումներ, ինչը կարող է վտանգել քվեարկության և ձայների հաշվման գործընթացները: Կոնգրեսը նշում է նաև այն, որ որոշ դեպքերում ընտրական տեղամասերից դուրս նկատվել է որոշակի լարվածություն:

Ընդգծվում է նաև քվեարկության ժամանակ տարեց մարդկանց և տեսողության խնդիրներ ունեցողներին ցուցաբերվող օգնության նկատմամբ ավելի մեծ զգոնություն դրսևորելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես, Հայաստանի իշխանություններին կոչ է արվում միջոցներ ձեռնարկել` ապահովելով, որպեսզի տարեց մարդկանց «օգնություն» ցուցաբերվի միայն այն դեպքերում, երբ վերջինները խնդրեն այդ մասին և նրանց իրական կարիքներին համապատասխան:

Նշվում է նաև, որ սահմանափակ հնարավորություններով այլ անձանց ևս անհրաժեշտ է տալ իրենց ընտրական իրավունքը լիարժեք իրացնելու հնարավորություն: Կոնգրեսն ափսոսանք է հայտնում, որ գրեթե բոլոր ընտրատեղամասերն անհասանելի են այդ անձանց համար:

Կոնգրեսը Հայաստանի իշխանություններին հորդորում է նաև խախտումները կանխարգելող համապատասխան քայլեր ձեռնարկել, մասնավորապես` ապահովելով, որպեսզի ոչ ոք չկարողանա քվեարկել մի քանի անձնագրեր ներկայացնելով, եթե առկա չէ լիազորագիր, բացառելով ընտրակաշառքի բոլոր դեպքերը:

Ամփոփելով` Կոնգրեսը Հայաստանի իշխանություններին կոչ է անում իր և այլ գործընկերների հետ համատեղ ուսումնասիրել տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման և ընտրական գործընթացի կատարելագործման հնարավորությունները` հիմնվելով Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքների վրա:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս