Ձեռքի թեթև շարժումով… անդրավարտիքը վեր է ածվում էլեգանտ վարտիքի

«Ադամանդե ձեռքը» ֆիլմի թևավոր այս արտահայտությունն է թերևս հարմար` ներկայացնելու վերջին 20 տարիների ընթացքում քաղաքական գործիչների անհավանական էվոլյուցիան` հարգարժան քաղաքացիներից` մինչև անփառունակ ներկայով գործիչներ: Տեսել ես նրանց իրենց պայքարի պիկին, ու հանկարծ աչքիդ է գալիս նրանց ուշ վիճակը` բարձր պաշտոնյայի աթոռին, հարմարավետ, լուրջ փոփոխությունների անպատրաստ: Ահա մեկ ուրիշը` բրդե ծածկոցը` մրսող ծնկներին, ճոճաթոռին, իր խաղաղ մայրամուտն ապահոված իշխանություններին շնորհակալ. կարող էին բանի տեղ չդնել, բայց գնահատել են համեստ հնարավորությունները:

Առհասարակ, բոլոր նրանք, ովքեր առաջարկ են ստանում զբաղեցնել պետական կամ հասարակական որևէ բարձր դիրք, որոշում կայացնելու առաջին հինգ րոպեներին անվերապահորեն հավատում են` իրենց ներկայությամբ իշխանությունները կդառնան առավել պրոֆեսիոնալ, հնարավոր է` առավել մաքուր: Իրենք գնում են վստահ` բարեփոխելու են այն ոլորտը, որն իրենց է վստահվել: Մեր աչքի առաջ երիտասարդ և ոչ այնքան երիտասարդ մարդիկ փորձ արեցին իրենց ներկայությամբ փոխել իշխանական համակարգը, սակայն չկարողացան: Ավելի ուշ` արդեն` չցանկացան:

Բոլոր լավ ծրագրերն արագ մոռացվում են, և պետական բարձրաստիճան ծառայողները դառնում են այս համակարգի չաշխատող պտուտակներից մեկը: Ընդ որում, սկզբից չաշխատող պտուտակի դերը խիստ անպատվաբեր է թվում: Անգամ զայրացուցիչ: Բայց հեռանկարային: Սակայն կարճ ժամանակ անց վիրավորանքը մոռացվում է բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ ընթրիքի ժամանակ. կատակում են, ծիծաղում, կյանքը հրաշալի է: Րաֆֆի Հովհաննիսյանի մասին էլ մեկ-երկու սրախոսությունը վերջնականապես լիցքաթափում է մթնոլորտը:

Եվ արդեն այնքան էլ չի վշտացնում փաստը, որ իրենց չիրագործված ազնիվ ու վեհ գաղափարները ստիպված են չեզոքացնել քմծիծաղով կամ շուրթերից` ինչպես Առատության եղջյուրից, հոսող բարդ ստորադասական նախադասություններով: Ձախողվե՞լ է առաքյալի դերը, կստանձնեն մեկ այլ հարմար գործ: Օրինակ` ագիտատոր-պրոպագանդիստի դերը: Նրանց ոչ ոք չի պարտադրել դա անել: Պարզապես երախտագիտության զգացումը հանգիստ չի տալիս:

Նրանք պատասխանատվություն չեն կրում իրենց վստահված ոլորտների աշխատանքը տապալելու համար: Որովհետև ունեն մեկ հիմնավորում` իրենք ցանկանում են բարեփոխումներ անել, համակարգը թույլ չի տալիս: Իրենք մեկ ծաղիկ են, որով գարուն չի գալիս: Ի վերջո, բոլորը գիտեն, բացառապես մեկ անձ իրավունք ունի որոշել` ում, երբ, ինչպես:

Արդիական է հարցը` ինչո՞ւ, առհասարակ, մեր երկրում չի աշխատում բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականի ինստիտուտը: Առաջին և վերջին պետական ծառայողը, որը հրաժարական է ներկայացրել` նախապես մեղադրանք ներկայացնելով իշխող համակարգին, դատավոր Պարգև Օհանյանն էր. նա հեռացավ և իր ետևից չրխկոցով փակեց դուռը:
Մյուսները համառորեն մնում են:

Նրանք մտածում են` նախագահն ամեն ինչ տեսնում է, գիտի, եթե նա ոչինչ չի ցանկանում փոխել, ուրեմն՝ ո՞վ են իրենք, որ ըմբոստանան կամ փորձեն ինչ-որ բան անել: Այս պաշտոնյաները, լավագույն դեպքում, պաշտոնանկ կարվեն, կամ նրանց մասին կմոռացվի: Իսկ վատթարագույն դեպքում` տարիներով կտապալեն իրենց ղեկավարած ոլորտները` խորացնելով ճգնաժամը երկրում: Նրանք բոլորը` չըմբոստանալով իրենց անզորության դեմ, հարմարվելով ոչինչ չանելուն, խոշոր հաշվով, սաբոտաժ են անում, օրինական սաբոտաժ, որի համար նաև վարձատրվում են:

Երկրի նախագահին սպասարկողները տարբեր կրթական ու գիտակցական մակարդակ ունեն: Պայմանականորեն նրանց կարելի է երկու թևի բաժանել: Երկու թևերն էլ քամահրանքով են վերաբերվում միմյանց. մի թևն ինտելեկտուալ է, մյուս թևը` ոչ այնքան: Արտաքուստ նրանց անմիջապես կարելի է զատել` հաճելի արտաքին, կիրթ, գրագետ խոսք: Մյուս թևում խոսքը գրագետ չէ, արտաքինն էլ հուշում է` բարեկրթությունն ու տվյալ պարոնայք երբևէ հանդիպելու առիթ չեն ունեցել:

Սակայն թե՛ ինտելեկտուալը, թե՛ անկիրթ օլիգարխը պատրաստ են ծառայել իրենց հնարավորությունների սահմանում: Մի տեղ հնարավորությունը մասնագիտական ճարտարությունն է, մյուս տեղում` փողը, բռունցքը, սպառնալիքը: Երկու թևում էլ հավասարաչափ անտարբեր են, թե որքան տհաճ է հետևել իրենց գործողությունների ընթացքին:

Ինտելեկտուալ համբավ ունեցող գրեթե բոլոր գործիչներն իրենց քաղաքական կարիերան սկսել են` որպես ընդդիմադիրներ: Սկզբում ընդդիմանում էին խորհրդային ռեժիմին: Այսինքն` գիտեն, թե ինչ է նշանակում` ճնշվել հանրահավաքներին, հացադուլ անել, հանիրավի մեղադրվել և ամիսներ անցկացնել անազատության մեջ` որպես քաղբանտարկյալ, ինչ է նշանակում` պայքարել գործող ռեժիմի դեմ:

Ճակատագիրն այնպես դասավորվեց, որ ընդդիմադիրների «լավագույն կեսն» այսօր դարձավ իշխանությունների մի մասը: Կարելի է հավատալ իշխանական կուսակցության առաջնորդին, կարելի է կասկածել ընդդիմադիր գործչի քայլերի տրամաբանությանը, սակայն երկու դեպքում էլ նախընտրել արժանապատիվ մարդու կեցվածք. աչքերը փակ չփառաբանել մեկին, ում դեմ ժամանակին պայքարում էիր, և չձևացնել, թե չես հասկանում մյուսին, ով այժմ պայքարում է ա՛յս ռեժիմի դեմ: Բրոդսկին նայում էր պատուհանից. փողոցում իրարանցում է, անցնում են հարյուրավոր մարդիկ, սլանում են ավտոմեքենաները, բոլորն ինչ-որ տեղ են շտապում: Նա բացականչում է. «Աստված իմ, և այս բոլոր մարդիկ պետք է մահանան»: Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանի քաղաքական էլիտայում այդ մասին դեռևս չեն լսել: Կամ լսել են, հետևաբար` նրանց համար ամեն ինչ միևնույն է:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս