Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը սկսում է ակնկալվող բացասական զարգացում ստանալ․ Արման Աբովյան
Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրք-ադրբեջանական տանդեմի առաջնորդները ՝ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կրկին սինխրոն կերպով Հայաստանի հասցեին հերթական սպառնալիքներն են «ծնել»։
Հայտարարությունների էությունը դարձյալ հանգում էր նրան, որ իբր հայերն իրավունք չունեն «երազել» ռևանշի մասին և պետք է «սեղմել» թուրք-ադրբեջանական բարբարոսների և մարդասպանների մեկնած «խաղաղության ձեռքը»։
Այլ բան է, որ հայերին մեկնած «բարեկամության» թուրքական ձեռքն իրականում յաթաղանի սայրն է, բայց նույնիսկ դա չի շփոթեցնում հայաստանյան իշխանություններին, երբ նրանք սկսում են հերթական ապուշությունը արտաբերել թուրքերի հետ «խաղաղության» մասին ։
Բաց թողնենք «խաղաղության հնարավորության» և «տարածաշրջանային զարգացման նոր դարաշրջանի» մասին բոլոր դիվանագիտական շրջադարձերը, որոնցով լի էին թուրքիայի և ադրբեջանի առաջնորդների հայտարարությունները, կանգ առնենք ամենագլխավորի վրա։
Իսկ գլխավորն այն է, որ թուրքերը Արցախի Հանրապետության և Հայաստանի շուրջ 200 ք/կմ ինքնիշխան տարածքի ժամանակավոր օկուպացիայից հետո սկսել են տեղեկատվական-դիվանագիտական ֆոն ստեղծել Հայաստանի դեմ ագրեսիան շարունակելու համար։
Ես հիմա չեմ հիշատակելու հայկական քաղաքականությունը, քանի որ հենց Հայաստանի թավշյա իշխանությունների քաղաքականությունն է ընկած մեր հանդեպ թուրքական բոլոր գործողությունների, ծրագրերի, հաջողությունների և մշտական սպառնալիքների հիմքում:
Բայց այս ամենում ինձ չի լքում դեժավյուի զգացումը, քանի որ նույն մեր թշնամիների հռետորաբանությունն ու նույն թուրքական քրդուկից ծծած «խաղաղասեր» փաստարկները հնչում էին 2020 թվականի պատերազմից անմիջապես առաջ։
Ակնհայտ է, որ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը սկսում է ակնկալվող բացասական զարգացում ստանալ, քանի որ ըստ էության ոչինչ չի փոխվել ոչ թուրքերի ոչ ՀՀ իշխանությունների աշխարհընկալման մեջ։
Թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է հարձակվել հայկական էթնո-քաղաքական գործոնի վրա, իսկ ՀՀ իշխանությունները շարունակում են սպասարկել շուրջ բոլորի շահերը, բացի Հայաստանի շահերից:
Սա ոչ թե հայաստանյան իշխանությունների գործողությունների քննադատություն է, այլ ընդամենը իրավիճակի արձանագրում է»։