Պաշտոնատար անձինք միջոց չեն ձեռնարկել Աբովյան 10 հասցեում գտնվող գույքը պետությանը վերադարձնելու ուղղությամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող 1250 քմ մակերեսով շենքը և 56 քմ մակերեսով ավտոտնակը հետ է վերցվել Գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ից և ուղղակի վաճառքի ձևով օտարվել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանը: Նախնական գին է սահմանվել 166 մլն 318 հազար դրամը:
2007 թվականի մայիսի 23-ին Պետական գույքի կառավարման վարչության պետ Կ. Կ.-ի և «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Մ.-ի միջև կնքվել է պետական գույքի օտարման և գրավի պայմանագիր, որով գնորդի համար սահմանվել է պարտականություն՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 տարվա ընթացքում, գույքի հիմնական վերանորոգման և վերականգնման նպատակով ներդնել 150 մլն դրամ:
Նույն պայմանագրով սահմանվել է, որ վերոնշյալ պարտականությունը նշված ժամկետում չկատարելու դեպքում, Պետական գույքի կառավարման վարչությունն օրենքով սահմանված կարգով պետք է դիմի դատարան՝ գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում կիրառելու կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ պահանջով։
2008 և 2009 թվականներին Պետական գույքի կառավարման վարչության պետի կողմից գրություն է ուղարկվել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության տնօրենին՝ 150 մլն դրամի ներդրումային պարտավորության կատարումը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու պահանջով, սակայն պատասխան չի ստացվել։
2010 թվականի հուլիսի 7-ին Պետական գույքի կառավարման վարչության պետ Կ.Կ.-ն գրություն է ուղարկել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ հայտնելով Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի վերացման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության կողմից պայմանագրով նախատեսված պարտականությունները չեն կատարվել և որ Աբովյան 10 հասցեում գտնվող տարածքը բացառիկ գերակա հանրային շահ է ճանաչվել Կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ։
2010 թվականի հուլիսի 16-ին Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի կողմից պետական գույքի կառավարման վարչության պետ Կ.Կ.-ին ուղարկվել է պատասխան գրություն այն մասին, որ գույքի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու փաստը հիմք չէ այդ գույքի նկատմամբ գրանցած գրավի իրավունքը չեղյալ հայտարարելու համար, ուստի վերոնշյալ գրության հիման վրա՝ Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ հիփոթեքի պետական գրանցումը դադարեցնել հնարավոր չէ։
2010 թվականի օգոստոսի 18-ին «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության տնօրենը գույքի գրավը հանելու խնդրանքով գրություն է ուղարկել Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ նշելով, որ Ընկերությունը սահմանված ժամկետում իրականացրել է Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող շենքի վերանորոգման և վերականգնման հետ կապված ներդրումային ծրագիրը՝ ներկայացնելով հաշվետվություն:
Դատախազության ուսումնասիրությամբ, ի թիվս այլնի, պարզվել է, որ Ընկերության կողմից առերևույթ բիզնես գործունեության շրջանակներում չպարզված ժամանակահատվածում ձեռքբերված ապրանքների համար (ականջակալ, ֆեն, գդալ, ավել, մոխրաման և այլն) ծախսված գումարը գնահատվել է որպես Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող շենքի հիմնական վերանորոգման և վերականգնման նպատակով կատարված ծախս: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաև, որ բացառիկ հանրային գերակա շահ ճանաչված շենքին, միայն ութ տարի անց՝ 2016 թվականի օգոստոսի 9-ին է տրամադրվել առաջին շինթույլտվությունը: Միաժամանակ, բացակայում է ավարտական ակտը:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է առերևույթ հանցանքի դեպք՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
2023 թվականի նոյեմբերի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (2 դրվագ) և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) (2 դրվագ):
Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, միջոցներ է ձեռնարկում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով: