Ազդարարվեց «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի պաշտոնական բացումը
«Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 20-ին ֆրանսիական Նիցցա քաղաքում, հայտնի դարձավ, որ մրցույթը կմեկնարկի Իսպանիայի պատվիրակի ելույթով: Այն կեզրափակի Նիդերլանդների պատվիրակը:
Հայաստանի պատվիրակ «Yan Girls» խմբի ելույթի համարը կհայտարարվի ավելի ուշ:
Հայաստանի պատվիրակները, որոնք նոյեմբերի 26-ին կայանալիք մրցույթում կատարելու են «Do It My Way» երգը, ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:
Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան «Yan Girls» խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով: Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից, իրենց երաժշտությանը նաև հայկական գույներ են հաղորդել: Երիտասարդ, գույնզգույն և ըմբոստ. նրանք երգում են սեփական ես-ն ունենալու կարևորության, ինքնավստահության և լավագույնին ձգտելու իրենց եղանակի մասին:
Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերը՝ Մալենայի և Վահրամ Պետրոսյանի: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆը՝ Վիկա Մարտիրոսյանը, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան:
Եվրոպական հեռարձակողների միությունից նշում են՝ ողջունում են, որ Հայաստանը մասնակցում է մրցույթին՝ չնայած Հայաստանի առջև ծառացած խնդիրներին:
Մրցույթին մասնակցում են Հայաստանը, Ալբանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիսն, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը և Ուկրաինան:
Հայաստանի պատվիրակների օգտին կարող են քվեարկել նաև Հայաստանից: Քվեարկել կարող են նաև այն երկրներից, որոնք մրցույթին չեն մասնակցում: Նոյեմբերի 24-ից հնարավոր կլինի քվեարկե jesc.tv կայքի միջոցով, որտեղ կլինեն բոլոր ելույթների կարճ տարբերակները: Դրանք դիտելուց հետո հնարավոր է քվեարկել Հայաստանի և երկու այլ մասնակցի օգտին: Ելույթներից հետո ձայները կվերածվեն միավորների: Մրցույթի արդյունքները կորոշեն հեռուստադիտողը և ժյուրին՝ 50/50 հարաբերակցությամբ: Ինչպես միշտ հաղթում է այն երգը, որը հավաքել է առավելագույն միավորները: