Մեր պատմության ամենամութ ու ծանր օրերին իտալացիների աջակցությունը երբեք չի պակասել. Իտալիայում ՀՀ դեսպան Համբարձումյան

Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյան հարցազրույց է տվել Gazzetta Diplomatica-ին, որում նշել է. «Մեր տարածաշրջանին, Հարավային Կովկասին, պետք է խաղաղություն»։

Թերթը նկատել է, որ Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի Հռոմի դիվանագիտական նստավայրը նայում է Տիբրոս գետին, և որտեղ շարունակաբար գալիս են այցելուներ ու հորդում են համերաշխության հաղորդագրությունները։ Միջանցքներում տխրություն է տիրում։

Թերթի բնորոշմամբ՝ խոսակցության տոնը միշտ հանգիստ է: «Ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը՝ արևելյան լեզուներ և գրականություն մասնագիտությամբ, Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը, այնուհետև կատարելագործվել՝ անվտանգության ոլորտում Հռոմի ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջում։ Մոտ երեք տարի է, ինչ Հռոմում է, գրեթե կատարյալ արտահայտվում է իտալերենով։ Ողջ ուշադրությունը, այլ կերպ չէր էլ կարող լինել, կենտրոնացած է Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա»,- ներկայացրել է Gazzetta Diplomatica-ն:

Դեսպանի հարցազրույցը, որի թարգմանությունը տեղադրվել է Իտալիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում, ներկայացնում ենք ստորև։

– Տիկին դեսպան, ի՞նչ իրավիճակ է այսօր, ռազմական գործողությունից ավելի քան երեսուն օր անց, երբ Ադրբեջանը հարվածեց հայկական անկլավին՝ նախանշելով ինքնահռչակ Արցախի Հանրապետության գոյության ավարտը:

– Լեռնային Ղարաբաղի իրական պաշարումից ավելի քան ինն ամիս անց, սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Ավելի քան հարյուր հազար մարդ, այդ թվում՝ երեսուն հազար երեխա, որոնց միակ ձգտումն էր իրենց նախնիների հազարամյա հայրենիքում խաղաղ և արժանապատիվ ապրելն ու բարգավաճելը, ենթարկվեց ռազմական ագրեսիայի Ադրբեջանի կողմից: Այս վայրագ հարձակումը, որը պատճառ դարձավ հարյուրավոր մարդկանց, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, կանանց և երեխաների մահվան, Ադրբեջանի կողմից ցինիկաբար անվանվեց «տեղական հակաահաբեկչական գործողություն»: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, որն արդեն ծայրահեղ ծանր վիճակում էր, հարկադրված էր լքել իրենց տներն ու հեռանալ իրենց նախնիների երկրից: Ինչպե՞ս կարելի է կոչել այս երևույթը, եթե ոչ էթնիկ զտում:

– Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր:

– Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանը փորձել է պաշտպանել ղարաբաղահայությունը՝ կանխելու համար հենց այն սցենարը, որն այսօր մեր աչքի առաջ տեղի ունեցավ: Մենք և Ադրբեջանը միշտ նայել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տարբեր անկյունից: Եվ տարիների ընթացքում այդ դիրքերը երբեք չեն մոտեցել:

Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը միշտ եղել է տարածքի հարց: Հայաստանի համար՝ այն եղել է մարդկանց և նրանց իրավունքների հարց:

Մենք հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է: Հուսով ենք, որ Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները կդառնան ապագա խաղաղության պայմանագրի հիմքը, որի առաջին սկզբունքը սահմանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:

Այսինքն՝ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, և Հայաստանը ճանաչում է (ինչպես արդեն արել է) Ադրբեջանի 86,6600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը: Երկրորդ սկզբունքը՝ որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Եվ երրորդ սկզբունքը՝ որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը, ներառյալ ճանապարհների և երկաթուղիների փոխադարձ բացումը միջազգային առևտրի համար, պետք է տեղի ունենա ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Հուսով ենք, որ կստորագրենք խաղաղության համաձայնագիր՝ ուղղված Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը այս սկզբունքների հիման վրա: Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանը, Հարավային Կովկասը, խաղաղության կարիք ունի: Իսկ ի՞նչ է խաղաղությունը: Մի իրավիճակ է, երբ երկրներն ապրում են բաց սահմաններով, ինչպես այստեղ, Եվրոպայում, որտեղ նրանք բոլորը կապված են տնտեսական, քաղաքական, մշակութային և մարդկային կապերով, ընդօրինակելով փորձը` բոլոր խնդիրները լուծելու դիվանագիտական ճանապարհով և երկխոսության միջոցով: Հենց այս նկատառումով է մեր կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես այդ օրակարգի կարևոր մաս: Այս նախագծի հիմնական իմաստը Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հաղորդակցուղիների զարգացումն է, ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխների և էլեկտրագծերի կառուցման, վերանորոգման ու կառավարման միջոցով:

– Անցած սեպտեմբերին շատ էր խոսվում Իտալիայի հնարավոր միջնորդության մասին Բաքվի և Երևանի միջև։ Ո՞րն է ձեր մեկնաբանությունն այդ մասին:

– Հայաստանը հանձնառու է և անում է հնարավորը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար: Մենք հավատարիմ ենք խաղաղության հաստատմանն ուղղված մեր ջանքերին: Այս առումով շատ կարևոր է մեր գործընկերների կողմից Գրանադայի հռչակագրի սկզբունքներին միանալը կամ աջակցություն հայտնելը: Կարևոր է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է խաղաղություն բերել տարածաշրջանին: Հայաստանը պատրաստ է ներգրավվել բոլոր կառուցողական առաջարկների քննարկմանը, որոնք ուղղված են վստահության վերականգնմանը, սակայն ամենակարևորը ԵԽ նախագահ Շառլ Միշելի գլխավորությամբ միջնորդական ձևաչափի պահպանումն է, ինչպես նաև աջակցությունը «Գրանադայի հռչակագրի» սկզբունքներին բոլոր այն երկրների կողմից, որ շահագրգռված են Հարավային Կովկասի խաղաղությամբ և կայունությամբ:

– Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի և Իտալիայի միջև ներկա հաբերությունները:

– Մեր կապերը միշտ եղել են ամուր և ընդգրկուն՝ սկսած Հայաստանի անկախացումից: Մենք միշտ մեր հարաբերությունները կառուցում ենք հոգևոր և պատմական բացառիկ հիմքերի վրա: Այսօր մեր երկրները ունեն ամուր միջպետական հարաբերություններ՝ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ: Վերջին տարիներին այս հարաբերություններն ավելի են ուժեղացել փոխադարձ այցերի շնորհիվ: Տնտեսական տեսանկյունից հատկապես վերջին ժամանակահատվածը նշանակալի է եղել: Չնայած համաճարակին և պատերազմին, փաստորեն, մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները զգալի աճ են արձանագրել. 2022 թվականին մեր առևտրաշրջանառությունն աճել է 20%-ով, իսկ 2023 թվականի առաջին յոթ ամիսներին՝ ավելի քան 40%-ով:

Հայ-իտալական կապերը ամուր և խորն են բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, գիտությունը, կրթությունը, որոնք էլ ավելի ամրապնդվեցին Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջիուլյանոյի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցով: Հայագիտության բազմաթիվ ամբիոններ են գործում իտալական համալսարաններում՝ ուղղված մեր լեզվի, մշակույթի, պատմության և գրականության խորացված ուսուցմանը: Կարելի է ժամերով խոսել մեր մշակութային հարաբերությունների և տասնյակ միջոցառումների մասին, որ ամեն տարի կազմակերպվում են հայ և իտալացի արվեստագետների մասնակցությամբ, ինչպիսիք են ցուցահանդեսները, կինոփառատոնները, համերգները, գիտաժողովները և շատ այլ միջոցառումներ: Կարծում եմ, նաև կարևոր է, և նաև գեղեցիկ է, որ մեր ժողովուրդները միշտ միմյանց նկատմամբ տածել են հատուկ համակրանք:

– Մինչ ճգնաժամի նկատմամբ իտալական կառավարության դիրքորոշումը, կարծես, ավելի չեզոք էր, իտալացի շատ խորհրդարանականներ ձեզ հաստատակամ աջակցություն հայտնեցին:

– Մենք մեծապես գնահատում ենք իտալացիների աջակցությունը հայ ժողովրդին, որ միշտ դրսևորվել է մեր պատմության ամենամութ և դրամատիկ օրերին: Այս մտերմությունը դրսևորվել է նախկինում և այսօր: Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումից հետո ամեն օր բազմաթիվ հաղորդագրություններ, հեռախոսազանգեր և աջակցության նամակներ ենք ստանում Իտալիայի քաղաքացիներից։ Ավելին, կցանկանայի ընդգծել, որ իտալացի շատ պատգամավորներ, առնվազն նրանք, ովքեր ունեն որոշակի արժեքներ, իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին, որն անշուշտ ուշադրության կարիք ունի այս դժվար իրավիճակում։ Հետաքրքրական է, որ մենք ստացել ենք աջակցության ազդակներ բոլոր քաղաքական ուժերից. իսկ սա նշանակում է, որ չնայած գաղափարական տարաձայնություններին, նրանք միակարծիք են, երբ խոսքը վերաբերում է արդարությանը, մարդու իրավունքներին և համամարդկային արժեքներին։

– Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հորդորել է հաղթահարել մարդասիրական ողբերգությունը և պահպանել քրիստոնեական վայրերը՝ կոչ անելով երկխոսության։

– Այստեղ, ցավոք սրտի, կարծում եմ, որ բոլորի կողմից ավելի վճռական գործողություն է պետք։ Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկում և յուրացնում հայկական մշակութային և կրոնական հուշարձանները իր վերահսկողության տակ անցած տարածքներում, ինչը հանդիսանում է Զինված հակամարտությունների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության Հաագայի կոնվենցիայի, ինչպես նաև մշակութային ժառանգության պաշտպանության համապատասխան միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում։ Ադրբեջանի համար այս քաղաքականությունը նորություն չէ։ Նախիջևանում 2005-2006 թվականներին տեղի ունեցած՝ հայկական եկեղեցիների և Հին Ջուղայի գերեզմանատան բարբարոսական ավերումը 5000-ից ավելի խաչքարերով, Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության հստակ ցուցիչ է։ .

– Ձեր կարծիքով՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամի վատթարացման ֆոնին կա՞ վտանգ, որ Լեռնային Ղարաբաղը կմոռացվի լրատվամիջոցների կողմից:

– Մերձավոր Արևելքում հակամարտության սրումն իսկապես դրամատիկ է, անմեղ խաղաղ բնակիչներ են մահանում: Հուսով ենք, որ իրավիճակը հնարավորինս արագ կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով։ Բռնությունը, որտեղ էլ այն տեղի ունենա՝ մեր տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում կամ աշխարհի ցանկացած այլ անկյունում, միշտ ցավալի է և դատապարտելի։ Ես կցանկանայի ավարտել այս հարցազրույցը` նշելով, որ հենց այսպես կոչված «երկակի ստանդարտներն» են ծնում հետագա բռնությունները:

Կարծում եմ, որ եթե 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված լայնածավալ ագրեսիան պատշաճ կերպով դատապարտվեր միջազգային հանրության կողմից, մենք այսօր կարող էինք ապրել ավելի խաղաղ աշխարհում։

Տեսանյութեր

Լրահոս