ԼՂ-ից բռնի տեղահանված 16 հազար 371 երեխա կրթությունը շարունակում է ՀՀ տարբեր կրթական հաստատություններում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 21 հազար երեխաներից 16 հազար 371-ը կրթությունը շարունակում է Հայաստանի տարբեր կրթական հաստատություններում: «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ նրանցից 5185-ը Երևանում են, մնացածը տեղաբաշխված են հանրապետության մյուս մարզեր:
«Հորդորում եմ այն ընտանիքների ծնողներին, որոնց երեխաները դեռևս չեն հաճախում դպրոցներ, մոտենալ իրենց բնակության հարևանությամբ գործող դպրոցներ և երեխային ընդունել ուսումնական հաստատություն: Ուզում եմ հիշեցնել, որ այս շաբաթվանից ուսումնական գործընթացը վերսկսվել է, աշնանային արձակուրդները ավարտվել են, ուստի կարևոր է երեխաների շուտ ընդգրկումը ուսումնական հաստատություններին»,- շեշտեց փոխնախարարը:
Նա տեղեկացրեց, որ շարունակվում է նաև նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և բուհերում կրթության շարունակական ապահովման ծրագիրը:
«Այս պահին նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ունենք Լեռնային Ղարաբաղից տեղահանված 991 և բուհերում՝ 1645 ուսանող: Այս ուսանողների կրթաթոշակը փոխհատուցվելու է, ինչը հնարավորություն է տալու ուսումնական վարձի փոխհատուցում ունենալ»,- մանրամասնեց Սվաջյանը:
Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրին՝ փոխնախարարը հիշեցրեց կրթության կառավարման տեղեկատվական համակարգում հրապարակված թափուր հաստիքների ցուցակները, որտեղ ուսուցիչները կարող են ծանոթանալ աշխատանքի հնարավորության տարբերակներին:
«Այսօրվա դրությամբ 126 ուսուցիչ դիմել է ծրագրի համար, 52-ը՝ գործուղվել է: Պետք է հիշեցնեմ, որ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելու պարագայում այս ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճարի հնարավորություն, իսկ հանրապետության որոշ մարզերում, մասնավորապես՝ Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան և Բերդ համայնքների և Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների դպրոցներում, բացի 30 տոկոս հավելավճարը, կարող են ունենալ նաև 30 հազար դրամ հավելավճար»,- եզրափակեց Սվաջյանը: