Զարուհի Փոստանջյան. «Սերժ Սարգսյանն ո՞ւմ էր խփում»

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի թեկնածուներ Անդրեաս Ղուկասյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչներն այսօր սկսեցին հարցեր ուղղել հարակից զեկուցողներ ՀՀ Գլխավոր դատախազության ու ոստիկանության ներկայացուցիչներին: Ի դեպ, Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը եւ Ոստիկանության ներկայացուցիչ Թաթուլ Պետրոսյանն իրենց զեկույցներում ՍԴ-ից խնդրեցին մերժել ՀՀ նախագահի թեկնածուների դիմումները:

Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացոցւիչ Զարուհի Փոստանջյանի հարցը վերաբերում էր Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե որքան ուզենան, այնքան կխփեն. «Արդյոք սա բռնության կո՞չ է, թե ոչ»:

«Բացարձակապես. մեր ընկալման մեջ դա այդպես չէ»,- ըստ «Ա1+»-ի՝ հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Թաթուլ Պետրոսյանը:

«Ըստ ձեզ՝ Սերժ Սարգսյանը սուտ մատնություն է անում, երբ Սերժ Թանկյանին ուղղված նամակում ասում էր, թե մեր շուրջբոլորն ականներ կան»,- շարունակել է իր հարցերը տիկին Փոստանջյանը:

«Ինձ թվում է՝ դուք կոռեկտությունն անցնում ենք, ու դա բարձր դատարանում քննության առարկա դարձնելու իմաստ չկա»,- արձագանքել է Թաթուլ Պետրոսյանը:

«Ինչ-որ տեղ քաղաքական էֆեկտ ստեղծելը լավ չէ. պետք չէ անընդհատ նույն հարցերը տալ, քանի որ ժամանակի խնդիր ունենք»,- հայտարարեց նաեւ ՍԴ նախագահը:

Կողմերի հարցուպատասխանն այսօր ավարտվեց, և ՍԴ-ն անցավ կողմերի միջնոդրությունների լսմանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Կարեն Մեջլումյանը ներկայացրեց մի շարք միջնորդություններ, որոնցից մեկը վերաբերում էր Վարչական դատարան՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած դիմումին, ըստ որի՝ նա պահանջում էր մերժել Սերժ Սարգսյանի՝ իբրեւ ՀՀ նախագահի թեկնածու գրանցելու հանգամանքը:

Ըստ այս միջնորդության՝ առաջարկվում էր սպասել մինչև Վարչական դատարանն այս դիմումն ընդունի վարույթ և որոշում կայացնի: Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ այդ միջնորդությունը պետք է մերժել, հակառակ դեպքում կխախտվի ՍԴ-ում այս դիմումների քննության տասնօրյա ժամկետը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը եւս խնդրեց մերժել միջնորդությունը:
Իսկ Զարուհի Փոստանջյանի միջնորդություններից մեկը վերաբերում էր Սերժ Սարգսյանին ՍԴ հրավիրելուն. «Քանի որ նրա ներկայացուցիչներն այդպես էլ մեր հարցերին չպատասխանեցին: Մենք այդպես էլ չկարողացանք պարզել՝ ընտրությունների նրա կազմակերպիչ լինելու հանգամանքը, ինչպես նաեւ՝ հայտարարությունները զինամթերքի ու ապագա վտանգների մասին»:

«Այս միջնորդությունը որեւէ առնչություն չունի ՍԴ-ի հետ»: «Տպավորությունն այն է, որ Սերժ Թանկյանին էլ ենք հրավիրելու ՍԴ»,- կատակեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Զարուհի Փոստանջյանը նաեւ միջնորդեց ՍԴ բերել բոլոր 1988 ընտրապարկերն ու ստուգել նրանց պարունակությունը. «Քանի որ մեր բոլոր դիմումները այդ պարկերը բացելու, չեն բավարարվել, քանի որ ԿԸՀ-ն բացարձակ անգործություն է արել»:
Բացի այդ, նա նաեւ լուսանկաներ հանձնեց ՍԴ՝ կցելու գործին՝ որպես լրացուցիչ նյութեր: ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանին հետաքրքրում էր, թե ինչպես կարող են իրենք Զարուհի Փոստանջյանի միջնորդությունը տեխնիկապես կազմակերպել, քանի որ ընդամենը երկու օր ժամկետ ունեն ըստ Սահամանրության: «Ավելացրեք ժամկետը եւ շատ հեշտ ու հանգիստ երեք օրում հանենք պարկերի պարունսկությունը եւ պարզեք, թե Սերժ Սարգսյանն ո՞ւմ էր խփում: Շատ մեծ ցանկության դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է»,- հայտարարեց տիկին Փոստանջյանը:
«Դուք մեզ հանձնարարականներ մի տվեք»,- արձագանքեց Գագիկ Հարությունյանը: «Միգուցե Սահմանադրական հանրաքվեի պարկերն ուսումնասիրելուց սկսեինք,- հայտարարեց Տիգրան Մուկուչյանը՝ ավելացնելով,- ՍԴ-ն բաց թողնված իրավունքների վերականգման տեղ չէ, թող ձեր վստահված անձինք տեղում գործ անեին»:
ՍԴ-ն գնաց խորհրդակցական սենյակ՝ քննարկելու միջնորդությունները:

Տեսանյութեր

Լրահոս