«3+3» հարթակը լավ հարթակ է, բայց դրանով չպետք է սահմանափակվենք. Արարատ Միրզոյան
Այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով իշխանական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը «3+3» ձևաչափով հանդիպումից, ասաց, որ Հայաստանն առհասարակ շահագրգիռ է իր հարաբերությունները զարգացնել բոլոր երկրների հետ, որոնց հետ այս կամ այն կերպ առնչվում է։
«Ցավոք, մեր անմիջական հարևաններից՝ չորսից երկուսի հետ մենք չունենք հարաբերություններ և ունենք խորը հակամարտության ծանր պատմություն, հարևան, տառացի ընկալենք, այն երկրները, որոնց հետ մենք սահման ունենք։ Հիմա մենք գործադրում ենք մեր հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի բոլոր այդ հարաբերությունները կարգավորվեն, իսկ այն հարաբերությունները, որոնք կարգավորված են, ավելի զարգանան։ Մենք դրանում շահագրգիռ ենք, այս առումով «3+3»-ը լավ հարթակ է, կարծում եմ՝ օգտակար հարթակ է, բայց չպիտի սահմանափակվենք այդ հարթակով։
Մենք շատ խոսեցինք ու պիտի խոսենք «խաղաղության խաչմերուկից», ուրեմն՝ մենք ոչ միայն մեր քաղաքական հարաբերությունները պիտի կարգավորենք, այլև տնտեսական, լոգիստիկ, մշակութային»,- շեշտեց Արարատ Միրզոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում