Ժողովրդավար լինելու հանգամանքը եվրոպական հարթակներում ներկայացնելը քաղաքական նաիվություն չէ, այլ քաղաքական հավկուրություն և ծափահարությունները հենց այդ հավկուրությանն էին ուղղված․ Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Հայաստանին» չեն ծափահարում, որովհետև այն ժողովրդավար է, Հայաստանին չեն ծափահարում որովհետև այն տոլերանտ է: Հայաստանին ծափահարում են, որովհետև նա շարունակում է միջազգային հարաբերություններում և ժամանակակից վայրի աշխարհաքաղաքականության մեջ, որտեղ այլևս չկան զսպման և հավասարակաշռման մեխանիզմներ իբր «հավատալ ժողովրդավարությանը» և այդ «հավատը» վաճառել նրանց ովքեր բացարձակ այն «գնելու» և գնահատելու կարիք չունեն:

Ժողովրդավարության ուժին հավատալու և ժողովրդավար լինելու հանգամանքը մեղմ ասած, որպես կռվան եվրոպական հարթակներում ներկայացնելը քաղաքական նաիվություն չէ, այլ քաղաքական հավկուրություն և ծափահարությունները հենց այդ հավկուրությանն էին ուղղված:

Շուրջ 22 տարի է «ժողովրդավարություն» հասկացությունը մասնագիտական հետաքրրություններիս ոլորտում է:

Շուրջ 20 տարի է գիտական մակարդակով հետազոտում եմ ժողովրդավարության և ժողովրդավարացման հիմնախնդիրները տաբեր քաղաքական ռեժիմների և համակարգերի պայմաններում:

Շուրջ 18 տարի է քաղաքագիտական տարբեր առարկաների, հոդվածների, ձեռնարկների մշակման և դասավանդման ընթացքում «ժողովրդավարություն» հասկացությունը եղել է հենասյունայինն ու կենտրոնականը:

Շուրջ 12 տարի է, ինչ տեղական և միջազգային գործընկերներիս հետ միասին հիմնադրել և իրականացնում եմ «Մարդու իրավունքների և ժողովրդավարացման» և «Եվրոպագիտության» ակադեմիական մագիստրոսական ծրագրերը:

Շուրջ 10 տարի է զբաղվում եմ ժողովրդավարական ինստիտուտների կայացման և զարգացման խարհրդատվությամբ:

Շուրջ 4 տարի է դիտարկում եմ, թե
ինչպես է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈւԹՅԱՆ տակ ժողովրդահաճություն վաճառվում:

ԲԱԶՄԱԿԱՐԾՈւԹՅԱՆ անվան տակ բազմամաղձություն վաճառվում:

ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈւԹՅԱՆ անվան տակ ավտորիտար վոլյունտարիզմ իրականացվում:

ՀԱՆՐԱՅԻՆ ԿՈՍՈԼԻԴԱՑԻԱՅԻ և ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱՅԻ փոխարեն բարձր և անհաղթահարելի պառակտող ջրբաժաններ և բարիկադներ կառուցվում:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈւԹՅԱՆ անվան տակ սեփական քաղաքական կամքի և քաղաքական անվտանգության ապահովում իրականացվում:

Ինչպես է ԼԵԳԻՏԻՄՈւԹՅԱՆ հայթայթման և դրա պահպանման համար միակ գործիքը դարձել ոչ թե կառավարչական և քաղաքական էֆեկտիվությունն այլ այլասերված պոպուլիզմը:

Ինչպես է ՀԱՆԴՈւՐԺՈՂԱԿԱՆՈւԹՅԱՆ սկզբունքը վերածվել ծայրահեղ թշնամացման և պառակտման գործիքի ի շահ սեփական ընտրազանգվածի պահպանման:

Ինչպես է ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՀԱՍԱՐԱԿՈւԹՅԱՆ ինտիտուտը փոխարինվել մաղձի պրոպագանդայի և անսկզբունք մանիպուլացման բութ գործիքի:

Հատուկ մեծատառով նշածս բոլոր երևույթները «ժողովրդավարության» պարտադիր, այլ ոչ թե բավարար հենասյունային սկզբունքներից մի քանիսն են միայն: Եվ այս ամենի հպարտ դեֆորմացիան հրամցվում է բոլորիս կապույտ եզրագծով սկուտեղի վրա որպես «Հայկական ժողովրդավարություն» կամ «Ժողովրդավարության բաստիոն»»:

Տեսանյութեր

Լրահոս