Փաշինյանի ստորագրությունից հետո որևէ մեկը չի կարող մեղադրել Ադրբեջանին. Սերգեյ Մելքոնյան

Իսրայելապաղեստինյան հակամարտությանը հետևելուն մեկտեղ՝ Իրանում ուշադրության կենտրոնից բաց չեն թողնում հատկապես Թուրքիայի կողմից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ վերջին շրջանում չդադարող հայտարարությունները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ի պատասխան Էրդողանի կողմից՝ Նախիջևանն Ադրբեջանին կապելու համար «միջանցքը» տրամադրելու պահանջներին՝ Հայաստանի բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջարկել էր այդ ճանապարհը տրամադրել իր տարածքով: Իրանի այդ առաջարկի ֆոնին, խոսակցությունները, որոշ ժամանակով, գրեթե դադարել էին, կարճ ժամանակ անց, սակայն, թուրքական կողմը վերսկսեց խոսել «Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների» մասին, ինչը հայկական կողմը հերքում էր:

Այդ նույն ժամանակահատվածում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում էր «Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածի շինարարական աշխատանքների 70 տոկոսն ավարտելու» մասին:

Հատկանշական է, որ Իրանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ կողմ է տարածաշրջանում տրանսպորտային ցանցի զարգացմանը, սակայն այդ երկիրը կտրականապես դեմ է արտահայտվել տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության:

Կարդացեք նաև

Իսկ Սյունիքի Կապան քաղաքում հյուպատոսություն բացելու ժամանակ Իրանի արտգործնախարարը հայտարարեց, որ Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը:

Բանն այն է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի ի կատար ածման դեպքում Իրանը փաստացի կզրկվի Հայաստանից դեպի Վրաստան ու Սև ծով իր առևտրատնտեսական ճանապարհից՝ կախվածություն ձեռք բերելու Թուրքիայից ու Ադրբեջանից:

Այդ սցենարից խուսափելու համար Իրանն անգամ զորավարժություններ անցկացրեց՝ ցուցադրելով Հայաստանի դեմ հնարավոր հարձակման պարագայում հակահարված  հասցնելու իր ուժը:

Այդուհանդերձ, մերձավորարևելյան քաղաքական գործընթացների փորձագետ Սերգեյ Մելքոնյանի գնահատմամբ, Թուրքիան «Զանգեզուրի միջանցք»-ը ստանալու իր օրակարգից չի հրաժարվելու: Իսկ Իրանում լավ հասկանում են, որ Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհն իր տարածքով տրամադրելու իրենց առաջարկը պարզապես միջանկյալ որոշում է:

«Քաղաքական առումով՝ դա ոչ թե Ադրբեջանի, այլ հենց Թուրքիայի օրակարգն է, որից այդ երկիրը երբեք էլ չէր հրաժարվել՝ նկատի ունենալով իր «թուրանական» նկրտումները: Իսկ Ադրբեջանը շատ ներդրումներ էր արել, որպեսզի ճանապարհը Հորադիզից հասցներ ՀՀ-ի հետ սահման: Որևէ մեկն էլ իրենց այդ ներդրումներից չի ցանկանում հրաժարվել՝ պլանավորելով, որ այդ ճանապարհը պետք է անցնի հենց Հայաստանի տարածքով: Հիմա արդեն փորձելու են այդ «միջանցք»-ը բացել ուժով: Սպասում ենք նոր հարձակման»,- 168.am-ին ասաց Մելքոնյանը:

Ըստ նրա՝ հարձակման դեպքում առաջին հարվածները կարող են լինել, այսպես կոչված, «անկլավների» ուղղությամբ, որոնց մասով Փաշինյանն իր ստորագրությամբ փաստացի իրավական հիմքեր է ստեղծել:

«Հիմա որևէ մեկը չի կարող դատապարտել Ադրբեջանին, որ ինքը գրավում է այդ «անկլավները», քանի որ ՀՀ-ն պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա, թեև կապ չունի «Զանգեզուրի միջանցք»-ի հետ, սակայն պետք է փաստել, որ այն տարբեր ուղղություններ ունի. մի երթուղին անցնում է բուն Իրանի սահմանի մոտ՝ Մեղրիով, մյուս ուղղություններն անցնում են Անգեղակոթով կամ Ջերմուկի ուղղությամբ: Այստեղ արդեն Իրանն այդ գործողությունները կասեցնելու մեծ հնարավորություններ չունի»,- ասաց Մելքոնյանը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում առկա կողմնակի ուժերի ու գործողությունների՝ Իրանի անվտանգությանն ուղիղ սպառնալիք լինելու մասին հայտարարություններին, Սերգեյ Մելքոնյանը տեսակետ հայտնեց, որ այդ ուղղությամբ հայկական կողմի գործողությունները (ԵՄ դիտորդների տեղակայում՝ ՀՀ սահմաններին, ԱՄՆ զորավարժություններ։- Ն.Ս.) շատ բացասական ազդեցություն են թողնում Իրան-ՀՀ հարաբերությունների վրա:

«Եթե մեր շահը շարունակում է մնալ Հայաստանի մնացած հատվածը պահելը, ապա պետք է ավելի կշռադատված քաղաքականություն վարենք: Պետք է գործակցել Իրանի հետ, որպեսզի կարողանանք կասեցնել ուժային սցենարի վտանգը: Եվ ոչ թե հակառակը՝ ստեղծել պրովոկացիոն միջավայր, տալ ստորագրություններ ու այդպիսով արդարացնել ցանկացած հարձակում: Եթե Հայաստանն ուզում է պահել այն, ինչ կա, ապա այդ ամենից ՀՀ-ն պետք է հրաժարվի»,- համոզմունք հայտնեց մերձավորարևելյան քաղաքական գործընթացների փորձագետ Սերգեյ Մելքոնյանը:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս