Բաժիններ՝

Դատապարտված ննջեցյալները

– Հա՛յր, երբ մարդ մահանում է, ապա միանգամից հասկանո՞ւմ է, թե ինչ վիճակում է գտնվում:

– Այո, նա ուշքի է գալիս ու հարց տալիս իրեն. «Այս ի՞նչ եմ արել»: Բայց «ֆայդա յոխ»*, այսինքն այլևս օգուտ չկա այդ հարցը տալուց: Օրինակ՝ հարբեցողն սպանում է սեփական մորն ու ծիծաղում, երգեր է երգում, որովհետև չի հասկանում, թե ինչ է արել: Իսկ երբ գինովությունն անցնում է, նա սկսում է լաց լինել ու հարց տալ իրեն. «Այս ի՞նչ արեցի»: Նույնն էլ տեղի ունենում մեղավոր կյանքով ապրող մարդկանց հետ: Այդ մարդիկ հարբեցողների պես են: Նրանք չեն հասկանում, թե ինչ են անում, չեն զգում իրենց մեղքը: Սակայն, երբ մահանում են, (երկրային) գինովությունն անցնում է ու նրանք սթափվում են: Նրանց հոգևոր աչքերն են բացվում և նրանք հասկանում ենք իրենց մեղքը, որովհետև հոգին, մարմնից դուրս գալով՝ անհասանելի արագության շարժվում, տեսնում ու զգում է ամեն բան:

Որոշ մարդիկ անհանգստանում են, թե երբ է լինելու Երկրորդ Գալուստը: Սակայն, եթե կարելի է այդպես արտահայտվել, մահացող մարդու համար այն արդեն եկել է: Որովհետև մարդը դատվում է այն վիճակին համապատասխան, որում նրան մահը վրա է հասել:

– Հա՛յր, իսկ այժմ ի՞նչ են զգում դժոխքի տանջանքներում գտնվող մարդիկ:

– Այդ մարդիկ դատապարտված են: Խավար բանտում գտնվելով՝ նրանք իրենց երկրային կյանքում գործած մեղքերին համապատասխան տանջանք են զգում: Այդ մարդիկ վերջնական դատաստանին են սպասում՝ Քրիստոսի գալիք դատաստանին: Նրանց մեջ կան խիստ և հատուկ ռեժիմի դատապարտվածներ, բայց կան նաև ավելի թեթև պատիժ կրողներ:

– Իսկ սրբերն ու խելամիտ ավազակն (Ղուկ. 23:32-33, 39-43) այժմ ո՞ւր են:

– Սրբերն ու խելամիտ ավազակն այժմ Դրախտում են, սակայն նրանք դեռևս վերջնական փառքին չեն արժանացել, ճիշտ այնպես, ինչպես դժոխքում դատապարտվածները վերջնական մեղադրանքը չեն ստացել: Աստված դեռ քանի՜ դար առաջ է ասել. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 3:2): Եվ չնայած դրան, Նա դեռ ձգում ու ձգում է ժամանակը, որովհետև մեր դարձին է սպասում**: Սակայն մենք, շարունակելով մեր կրքերի ու մեղքերի մեջ մնալ, անարդարացի ենք վարվում սրբերի նկատմամբ, որովհետև (մեր պատճառով) չեն կարող վերջնական փառքը ստանալ, որ պետք է Ահեղ Դատաստանից հետո ստանան:

* Թուրքերեն արտահայտություն է, որ նշանակում է «անիմաստ է»:

** «մեր» ասելով, Հայրը ողջ մարդկությունն ի նկատի ուներ:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս