Կենդանի դիակներ, մեռած հոգիներ

Ամբողջ աշխարհը գիտի, որ 1915-ին տեղի ունեցածը Ցեղասպանություն է, սակայն, խոշոր հաշվով, չի ճանաչում: ԱՄՆ-ը, Իսրայելը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ցեղասպանությունը չընդունած մյուս պետություններն ասում են. «Այո՛, եղել են անթիվ զոհեր, եղել է մի ողջ ժողովրդի տարհանում, սպանդ, սակայն, հասկանո՞ւմ եք, պատմական եղած վկայությունները փաստում են` կատարվածը գուցե կոտորած է, հնարավոր է` ջարդ, բայց, ներեցեք, ո՛չ ցեղասպանություն»: Կարող ես անզորությունից լաց լինել, ներկայացնել իմացածդ բոլոր փաստերը, հազարավոր փաստաթղթեր, վկայություններ, տատիկիդ պատմությունըգ ԱՄՆ նախագահը կամ պետքարտուղարը նայում են դեմքիդ նույն հայացքով, ինչ հայացքով երեկ Գալուստ Սահակյանն արտասանում էր. «Սերժ Սարգսյանը շատ դիակներ է տեսել պատերազմի ընթացքում», ու ասում. «Հասկանում ենք հայ ժողովրդի ապրումները, ցավում ենք, բայց համոզիչ չէ»:

Բոլորը գիտեն, որ փետրվարի 18-ին նախագահական ընտրությունները կեղծվել են: ԿԸՀ-ն, սակայն, ընտրությունների արդյունքները ճանաչեց վավեր և նախագահ հռչակեց Սերժ Սարգսյանին: Հիմա այդ գործին վերջնական, իրավական փաթեթավորում է տրվում ՍԴ-ում: Հիմնավորումն արդեն գիտենք. «Ընդունում ենք, եղել են կեղծիքներ, լցոնման դեպքեր: Ինչ-որ սրիկա գուցե ընտրակաշառք է բաժանել: Սակայն եղած ապացույցները, հասկացե՛ք, բավարար չեն: Դրանք չեն ազդում ընտրությունների արդյունքների վրա»:

Այս ընտրություններին ինքնաբերաբար տեղի ունեցավ մի շատ կարևոր իրադարձություն. ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը թեկնածու չառաջադրեցին: Եթե այս երկու թևերից որևէ մեկը թեկնածու առաջադրեր, և եթե Սերժ Սարգսյանի օգտին արվեին նույն այս կեղծիքները, արձագանքն այսքան մեծ չէր լինի: Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի տարբերությունն այնքան սուր չէր ընկալվի: Իսկ տեղի ունեցավ այն, որ փետրվարի 18-ին դաշտը մաքուր էր` Սերժ Սարգսյան (իշխանություն), Րաֆֆի Հովհաննիսյան (ընդդիմություն) և Հրանտ Բագրատյան (ընդդիմություն): Այժմ ԲՀԿ-ի կամ ՀԱԿ-ի մասնակցությունն ավագանու ընտրություններին անգամ որպես թեմա հետաքրքիր չէ. այս կուսակցությունները չունեն այնպիսի լիդեր, որը կարող է ներկայանալ` որպես նախագահի թեկնածու: Ավագանու ընտրություններին նրանց մասնակցությունը կամ ԲՀԿ առանցքի ( ՞) շուրջ համախմբվելու պատմությունն արդեն հետաքրքիր չէ:

Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել` պահանջով, որ Ավետարանի վրա Սերժ Սարգսյանը կեղծ երդում չտա, և Ամենայն Հայոց կաթողիկոսն էլ չօրհնի կեղծիքը: «Ինչո՞ւ նույնը չարեց 5 տարի առաջ, երբ դարձյալ կեղծված ընտրությունները վավերացվեցին Ավետարանի վրա երդումով և կաթողիկոսի օրհնությամբ»,- հետաքրքրվում են սոցցանցում: Այս հարցի պատասխանն ինքս ինձ համար փորձեցի գտնել. հինգ տարի առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ չէր ընտրվել: Պատասխանատվության բեռն այն ժամանակ ընդդիմության մեկ այլ առաջնորդի` Լևոն Տեր-Պետրոսյանի ուսերին էր. նա էր Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը:

Այս ընտրություններին հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, և իրավիճակի ողջ իրավական և բարոյական պատասխանատվությունը կրում է հենց ինքը:

Շրջանառության մեջ է դրված «Րաֆֆիի վկաներ» արտահայտությունը` իբրև շարունակություն «Լևոնի վկաներ» թեմայի: Սա նույնքան կեղծ արտահայտություն է, որքան կեղծ են ընտրությունների արդյունքները: Եթե խորհրդարանական ընտրություններին մարդիկ քվեարկում էին հօգուտ ԲՀԿ-ի, քվեարկում էին կոնկրետ Գագիկ Ծառուկյանի օգտին: ՀԱԿ-ի դեպքում` Լևոն Տեր-Պետրոսյանի, և ոչ մի դեպքում` ուրիշի: Այսինքն` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ընտրությունը կոնկրետ առաջնորդների ընտրություն էր: Փետրվարի 18-ին մարդիկ քվեարկել են ընդդեմ գործող իշխանությունների: Եվ այդ քվեարկության խորհրդանիշը լինելու վիճակն ընկել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Սա կարևոր ձեռքբերում է, և այդ մասին շատ է խոսվել:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ գնալու է միայն սահմանադրական ճանապարհով: Մեր իրականությունն այնպիսին է, որ օրինական դաշտում գործել և հասնել իրավական հաջողության` անհնար է: Մարդկանց տանել առճակատման Րաֆֆի Հովհաննիսյանը չի պատրաստվում: Անընդհատ թեժ պահել կրակը` հանրահավաքներով, առանց մեկ քայլ առաջ շարժվելու, ևս խելքին մոտ չէ: Եվ նա ընտրել է ճանապարհ` կեղծված ընտրությունների խնդիրն իրավական դաշտից տեղափոխել բարոյական դաշտ, քանի որ իրավական դռները Հայաստանում փակ են:

Ընդ որում` նա հայտարարել է, թե պատրաստ է գնալ մինչև վերջ: Ավելորդ է ասել, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանին որևէ բան պատահի, իրավիճակը կդառնա անկառավարելի: Եվ այս գիտակցությունն է շարքային հանրապետականներին ստիպում տարբեր անուններ կպցնել հացադուլին` իրավիճակի ծայրահեղացմանը միտված քայլ, ժողովրդին երկու մասի բաժանելու փորձ:

«Էլիտար» հանրապետականների համար արդեն ձանձրալի երկար է թվում ընտրությունների ավարտական գլուխը: Եվ նրանք անընդհատ խոսում ու մեկնաբանում են իրավիճակը` չպատկերացնելով, թերևս, որ իրենց կարծիքն այնքան էլ էական չէ: Եթե չասենք` ընդհանրապես էական չէ: Լռում է նա, ում խոսքին դեռևս իներցիայով սպասում են` Սերժ Սարգսյանը: Նա, թույլ եմ տալիս ինձ ենթադրել, լռում է, քանի որ չգիտի` ի՞նչ ասել. այս դեպքում նրա ասած ցանկացած միտք, հնարավոր է, կաշխատի իր դեմ, քանի որ այսքան լռելուց հետո նրա ասած խոսքը տասնապատիկ արձագանք է ունենալու:

Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկելով ևս մեկ անգամ հանդիպել` նշանակում է` գիտակցել իրավիճակի լրջությունը: Հացադուլն ունի իր կանոնները. հացադուլավորը չպետք է լքի հացադուլի վայրը: Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է հանդիպելու առաջարկը: Հանդիպումը, ժանրի կանոններով, պետք է անցնի Ազատության հրապարակում: Եվ զրույցի ընթացքում պետք է հաշվի առնեն, որ բոլորս արդեն տեղյակ ենք` ա) Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես տխուր չէ, բ) տիկին Ռիտա Սարգսյանի ինքնազգացողությունը լավ էգ Հետաքրքիրը շարունակությունն է:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս