Բաժիններ՝

ԱՀԿ-ն կոչ է արել հումանիտար միջանցք բացել դեպի Գազա

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) անհրաժեշտ է համարում հումանիտար միջանցք բացել՝ Գազա «խիստ կարևոր մատակարարումների» իրականացման համար։ Այդ մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Տարիք Յաշարևիչը։

«ԱՀԿ-ն կոչ է անում վերջ տալ բռնությանը։ Անհրաժեշտ է մարդասիրական միջանցք՝ մարդկանց կարևոր մատակարարումներ ապահովելու համար։ ԱՀԿ-ն այս հարցով աշխատում է գործընկեր գործակալությունների հետ», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Յաշարևիչը նշել է, որ Գազայի հատվածի յոթ խոշորագույն հիվանդանոցներում սպառվել են անհրաժեշտ նյութերի և միջոցների պաշարները։ ԱՀԿ-ն 1 մլն դոլար կհատկացնի բժշկական պարագաների ձեռքբերման նպատակով, որը կբավարարի մինչև 500 հիվանդի բուժման համար։ Յաշարևիչը հայտնել է նաև, որ հոկտեմբերի 9-ի դրությամբ ԱՀԿ-ն տեղյակ է եղել Գազայում 6 բուժաշխատողի մահվան մասին։ Վիրավորվել է 4 բժիշկ։ Հարձակումների ժամանակ վնասվել է 8 առողջապահական հաստատություն և շտապօգնության 9 ավտոմեքենա։

Իր հերթին, ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լարկեն ճեպազրույցում հայտնել է, որ «Գազայում շաբաթ օրվանից 4 դպրոց է վնասվել»։ Ավելի քան 187 500 մարդ լքել է տները։

«Սպասվում են բնակչության հետագա տեղահանումներ, քանի որ մարտական գործողությունները շարունակվում են», – արձանագրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031