Բաժիններ՝

Հայտնաբերվել է սրտի հիվանդությունների բուժման նոր ուղղություն

Վիսկոնսինի (ԱՄՆ) բժշկական քոլեջի գիտնականները սրտի հիվանդությունների բուժման նոր ուղղություն են գտել։ Գիտական ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն, խոլեստերինի մի տեսակին, որը կոչվում է շատ ցածր խտության լիպոպրոտեիններ (VLDL), պետք է հատուկ ուշադրություն դարձվի:

Հայտնի է, որ խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող հիվանդների մոտ մեծանում է սրտանոթային հիվանդությունների, այդ թվում՝ ինսուլտի և սրտի կաթվածի զարգացման ռիսկը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման մարդկանց անոթներում խոլեստերինը կուտակվում է և խցանում արյան հոսքը։ Այս իրավիճակը կանխելու համար սովորաբար նշանակվում են ստատիններ կամ այլ դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են ցածր խտության խոլեստերինը։ Սակայն, ըստ վիճակագրության, սրտանոթային հիվանդությունները դեռևս վաղաժամ մահվան հիմնական պատճառն են:

Մասնագետները պարզել են, որ կա խոլեստերինի մեկ այլ ձև, որը կարող է լինել սրտի հիվանդության ռիսկի գործոն՝ շատ ցածր խտության լիպոպրոտեիններ: Ժամանակակից դեղամիջոցները չեն ազդում դրանց վրա:

Գիտափորձի ժամանակ գիտնականները գենետիկորեն ձևափոխել են մկներին այնպես, որ նրանց լյարդի բջիջները դադարեցրել են tPA սպիտակուցի արտադրությունը, որը կանխում է արյան մակարդուկների առաջացումը: Ըստ shantnews-ի՝ փորձարկվողների մոտ բարձրացել է VLDL խոլեստերինի մակարդակը: Սա ենթադրում է, որ tPA-ն լյարդում ազդում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա՝ ցույց տալով կապը լյարդի, սրտի և արյան անոթների միջև:

Մարդկանց և առնետի լյարդի բջիջների հետագա թեստերը հաստատել են այս արդյունքները: Բացահայտումը կարող է հիմք հանդիսանալ սրտանոթային հիվանդությունների ռիսկը նվազեցնելու թերապևտիկ նոր մեթոդների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս