Հայ ժողովուրդը եթե ցանկանա, այսօր երեկոյան իշխանափոխություն կանի. Նիկոլ Փաշինյան
Արդյո՞ք Ադրբեջանի խամաճիկային կառավարությունն է երաշխավորելու Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը: Արդյո՞ք սա է այն նոր Հայաստանը, որը ՀՀ կառավարությունը փորձում է կերտել: ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանություններն, ըստ էության, լվացին ձեռքերը՝ հայտարարելով, թե Արցախում տեղի ունեցածը կապված է այնտեղի իշխանափոխության հետ:
Նրա համոզմամբ՝ ՀՀ իշխանություններն այդպիսով փորձում են տարածել թեզը, թե ՀՀ իշխանության փոփոխության դեպքում ևս Հայաստանին նույն սցենարն է սպառնում:
«Ավելի պարզ՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը կլինի ՀՀ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Այսինքն, անկախ ու ինքնիշխան Հայաստանը պետք է ունենա այնպիսի կառավարություն, որը կբավարարի Ադրբեջանին, և այդ կառավարությունն իրենք են: Քաղաքագիտության մեջ սա հայտնի է որպես «խամաճիկային», «մարիոնետային» կառավարություն»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Ի պատասխան Խաչատրյանի հարցադրմանը՝ Նիկոլ Փաշինյանը «խամաճիկային քաղաքականություն» վարելու հետադարձ մեղադրանք ուղղեց ընդդիմադիր ուժերին:
««Մարիոնետային» կառավարությունը Ձեր կուսակցությունների կառավարություններն են եղել, որոնք երբեք չեն ընտրվել սեփական ժողովրդի կողմից: Եվ ո՛չ դուք եք որոշում՝ ՀՀ-ում իշխանափոխություն կլինի, ոչ էլ որևէ մեկը: Դա որոշում է ՀՀ ժողովուրդը: ՀՀ ժողովուրդը եթե որոշի, կարող է այսօր իրիկունն էլ իշխանափոխություն անել, ու որևէ մեկին էլ չի հարցնի»,- ասաց նա՝ հայտարարելով, որ Արցախում տեղի ունեցածը մտնում էր ընդդիմադիր ուժերի ծրագրերի մեջ:
Ըստ Փաշինյանի՝ ընդդիմադիր ուժերի պլաններում եղել է սցենարը, որպեսզի ՀՀ-ն նույնպես ներքաշվի պատերազմի մեջ, ինչից հետո, նրա գնահատմամբ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ տեղափոխվելու հնարավորություն չէին ունենալու:
«Կգնան Բոստոն, Փարիզ, Լոս Անջելես՝ ուժեղացնելու ՀՅԴ նոսրացող և զրոյացող շարքերը: Էդ ա եղել ձեր քաղաքականությունը: Հիմա ի՞նչ եք եկել էստեղ՝ ճառեր ասում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նազելի Ստեփանյան